Աստղիկ Ղափլանյանի գրքերի շնորհանդես


    Մայիսի 23-ին Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ մատենագետ Աստղիկ Ղափլանյանի «Գրիգոր Նարեկացի. Մատենագիտութիւն» և «Վերմարդկայինը՝ Գրիգոր Նարեկացի» գրքերի շնորհանդեսը։ Միջոցառումը մեկնարկեց Տերունական աղոթքով, որից հետո Տեր Եսայի քահանա Արթենյանը ներկաներին փոխանցեց Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը և հանդես եկավ շնորհավորական խոսքով։ Հեղինակին շնորհավորեցին և ողջունեցին Տեր Շահե Հայրապետյանը, բանախոս, «Գրիգոր Նարեկացի Մատենագիտութիւն» գրքի խմբագիր, Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ գիտաշխատող փ․գ․դ․ Հակոբ Քյոսեյանը, Մաշտոցի անվան մատենադարանի ավագ գիտաշխատող, պ․գ․թ․ Լուսինե Թումանյանը։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դուլուխյանն էլ իր խոսքում նշեց, որ ամենամեծ մրցանակը տիկին Աստղիկն արդեն ունի. «Գիրքն ընթերցելիս առաջին էջում կարդացի, որ այն հրատարակվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ: Սա, թերևս, մեծագույն նվերն է հեղինակին, քանի որ ստանալ նման մարդկանց օրհնություններն արդեն բավական է, որ Դուք Ձեզ և Ձեր աշխատանքը գնահատված զգաք»: Ելույթներով հանդես եկան «Ծաղկազարդ» համախումբը և Հովհաննես սարկավագ Ներսիսյանը, ով կատարեց Գրիգոր Նարեկացու «Ահեղ ձայն» շարականը։ «Մատեան ողբերգութեան» աղոթամատյանից հատված կարդաց ասմունքող Աիդա Ասատուրյանը։ Միջոցառման ավարտին հեղինակն իր երախտիքի խոսքն ուղղեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն և շնորհակալություն հայտնեց հյուրերին ներկա գտնվելու և իր ուրախությունը կիսելու համար:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են