«Հուշարձան մայրերուն»


    Մայրերի սրբազան արարման և կենսահաստատման տիեզերակարգի հրաշքն անսկիզբ ու անվախճան է:
Հենց այս խորհուրդն է յուրովի ամփոփում մատենագետ, թարգմանիչ, ազգային գործիչ, հրապարակախոս Հովսեփ Նալբանդյանի կազմած «Հուշարձան մայրերուն» գիրքը:
Մայիսի 6-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում կայացավ սույն գրքի շնորհանդեսը:
<<Գլխից վեր արարատել և սերունդներին փոխանցել ՄՈՐ ՀԱՆԴԵՊ ՍԻՐՈ, ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԵԾԱՐՈՒՄԻ ՍՐԲԱՍՈՒՐԲ ԲԱՐՈՅԱԿԱՆԸ>>,- գրքում ամրագրված այս պատմաբարոյական ուղերձն էին կարևորում հանդիսության բանախոսները և մասնակիցները՝ բ.գ.դ., պրո‎ֆեսոր Սամվել Մուրադյանը, բ.գ.դ., պրո‎ֆեսոր Սուրեն Դանիելյանը, բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ Ռուզան Ասատրյանը, արծաթագործության և ոսկեգործության ժողովրդական վարպետ Անահիտ Դանիելյանը, պրոֆեսոր Վանո Եղիազարյանը:
Հայաստանի գրողների միության անունից շնորհակալական ուղերձ հղեց գրող Անուշ Վարդանյանը:
Երաժշտական կատարումներով հանդես եկան երգչուհի Անահիտ Սահակյանը, օպերային երգիչ (տենոր) Արմեն Բադալյանը: Դերասանուհիներ Գայանե Սամվելյանը, Աիդա Ասատուրյանը, հալեպահայ լրագրող, բանասեր, հրապարակախոս Սոսի Միշոյանը ներկայացրին նմուշներ գրքում ընդգրկված գրական գոհարներից:
«Ավ. Իսահակյանի անվ. ԿԳ»ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը Հովսեփ Նալբանդյանին, նրա ընտանիքին շնորհավորանքի և շնորհակալության խոսք հղեց մայրերգության արժեքի փառաբանումի, մայրամեծարումի այս հուշարձանի ստեղծման և հայապահպանության գործում մեծ նվիրումի համար:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են