«Թումանյանը և երաժշտությունը»


    «Երաժշտությունը ամենանուրբ ու ամենասուրբ, ամենաթանկ բանն է, որ կա աշխարհքում ու կյանքում»,- գրել է Հովհաննես Թումանյանը:
Բանաստեղծի տաղանդի գրեթե բոլոր գրական ճառագումները շաղախված են վերոնշյալ փիլիսոփայությամբ և երաժշտական հնչուն գունագեղությամբ:
Ապրիլի 25-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, «Ազգային գրադարանային օրեր» ծրագրի շրջանակում, կազմակերպվել էր դասախոսություն-համերգ՝ «Թումանյանը և երաժշտությունը» թեմայով:
«Հովհաննես Թումանյանը երաժշտության մեջ» տեղեկատուի երկրորդ հրատարակությունը ներկայացրեց Լյուսի Թաշճյանի դուստր Դելսուզ Թաշճյանը: Նա մանրամասն անդրադարձավ Հովհ. Թումանյանի չափածոյի երաժշտականության առանձնահատկություններին, նրա երկերի հիմքով ստեղծված փոքր և մեծակտավ երաժշտական գործերի պատմությանը, դրանց գեղարվեստական արժեքին:
Գրքի խմբագիր Նաիրա Ազարյանն ուշադրության արժանացրեց գրքի հեղինակների բազմամյա բոլորանվեր աշխատանքը: Միջոցառումը բացեց և գրադարանի ղեկավարության, աշխատակազմի անունից շնորհակալական խոսք հղեց գրադարանի Խոսքի կենտրոն-ստուդիայի ղեկավար, բ.գ.թ. Նադյա Անտոնյանը՝ նշելով հեղինակային հանձնախմբի նշանակալի ներդրումը մեր հոգևոր-մշակութային արժեքների հանրահռչակման գործում:
Այնուհետև կազմակերպվեց «Անուշ» օպերա-ֆիլմի դիտումը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են