Սուսաննա Մամիկոնյանին նվիրված հուշ-ցերեկույթ


    Ապրիլի 18-ին, «Ազգային գրադարանային օրեր» ծրագրի շրջանակում, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում կազմակերպվել էր վաստակաշատ մանկավարժ Սուսաննա Մամիկոնյանին նվիրված հուշ-ցերեկույթ և նրա «Իմ կարոտ և իմ նարոտ հիշողություն » գրքի շնորհանդեսը:
Երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ռուբեն Մաթևոսյանը, բ.գ.դ., պրոֆեսոր, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը, ՎՊՄՀ-ի բանասիրական ֆակուլտետի դեկան, բ.գ.դ., պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը, գրականագետ, «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանն անդրադարձան Սուսաննա Մամիկոնյան մարդու, մանկավարժի պայծառ կերպարին:
Հնչեցին բանաստեղծ, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Կորյուն Առաքելյանի բանաստեղծությունների հիմքով, Սասուն Պասկևիչյանի, Արամ Սաթյանի երաժշտությամբ ստեղծված քնարաշունչ երգեր:
ՀՀ վաստակավոր արտիստ, «Սուրեն Քոչարյան» պոեզիայի թատրոնի մենակատար Սամվել Բաղինյանը, հեռուստահաղորդավար Անահիտ Նավասարդյանը, դերասանուհի Աիդա Ասատուրյանն ընթերցեցին հետաքրքիր դրվագներ Ս. Մամիկոնյանի «Իմ կարոտ և իմ նարոտ հիշողություն » գրքից ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Սաֆարյանի, Աշուղ Ռազմար Սասունցու, Մայա Աֆրիկյանի երաժշտական կատարումները, բանաստեղծուհի Անահիտ Դանիելյանի, բանաստեղծ, ասմունքող Հռիփսիմե Ավետիսյանի գեղարվեստական ընթերցումները ջերմացրին հանդիսության մթնոլորտը: Ցուցադրված տեսանյութային դրվագներն ամբողջացրին բոլորանվեր մայր և առինքնող հայուհի Սուսաննա Մամիկոնյանի նկարագիրը:
Միջոցառման ավարտին սիրելի գրադարանի <<Իսահակյան>> պուրակում տնկվեց Ս.Մամիկոնյանի հիշատակին նվիրված եղևնի:
Բանաստեղծ, ՀՀ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Կորյուն Առաքելյանի խոսքը իր կյանքի հավատարիմ ընկերոջ և լուսավոր մարդու՝ Սուսաննայի հիշատակի հանդեպ խոնարհում էր, սիրո, ցավի և երախտագիտության խորունկ խոստովանություն՝ վերջաբանի փոխարեն:
Հիրավի, Սուսաննա Մամիկոնյանի կյանքը լավատեսության, մարդասիրության, ընտանեսիրության, հայրենասիրության ուսանելի-չավարտվող դաս է սերունդների համար...

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են