«Վերադարձ դէպի Այրարատեան լեռնաշխարհ»


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը և Լիբանանի «Սփյուռք» պարբերաթերթը ապրիլի 17-ին համատեղ կազմակերպել էին Վերապատվելի Ճեյմզ. Գառնուզեանի «Վերադարձ դէպի Այրարատեան լեռնաշխարհ» և «Առաջին հայկական համագումարը» գրքի շնորհանդեսը:
Գրքի կարևորությունը մեր գիտական, քաղաքական կյանքում նշեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ, ակադեմիայի թղթակից անդամ Ռուբեն Սաֆրաստյանը:
Եվրոպայի Հայերի Համագումարի նախագահ Կարո Հակոբյանը հանգամանորեն ներկայացրեց սույն արժեքավոր գրքի համահայկական գաղափարաբանության, համահայկական ուժի և ուժականության, համահավաք միաբանության հիմնարար ուղերձները: Անդրադառնալով հայկական սփյուռքի պատմաբարոյական, պատմաքաղաքական հիմնախնդիրներին՝ բանախոսը կարևորեց նաև սփյուռքի վերազորացման քաղաքական, գործնական ծրագիրը, որն այսօր էլ արդիական է:
Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) մարտիկ, նախկին քաղբանտարկյալ Մարտիրոս Ժամկոչյանը հուզիչ անմիջականությամբ խոսեց գրքի մասին և ներկայացրեց հետաքրքիր, արժեքավոր հուշեր:
Գրադարանի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը հանդես եկավ ամփոփիչ ելույթով: Նա նշեց, որ այս գիրքը կարող է ուղղորդիչ նշանակություն ունենալ համայն հայության պատմաբարոյական ինքնանորոգման, պատմաքաղաքական ինքնակազմակերպման գործընթացում:
Հանդիսությունը վարեց և գրքից հատվածներ ընթերցեց դերասանուհի Աիդա Ասատուրյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են