«Դարձ ի շրջանս յուր» գրքի շնորհանդես


    2019թ. մարտի 29- ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ գրող, լրագրող Լևոն Ազրոյանի «Դարձ ի շրջանս յուր» գրքի շնորհանդեսը:
Միջոցառումը ջերմ խոսքով բացեց Ավ․Իսահակյան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Նա բարձր գնահատեց հայ վավերագրության մեջ Լևոն Ազրոյանի՝ անխոնջ, անաչառ լրագրողի, մեծ քաղաքացու ներդրումը. մարդ, որ պատմական դպիր-գրիչի հանգույն ծավալեց ազնիվ, անհատակ գործունեություն և մասնագիտական անդաստանում ամփոփեց երիցս պատվելի վաստակ: Հասմիկ Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ Լ. Ազրոյանի լրագրողական ժառանգությունը դարաշրջանի համապարփակ, յուրատիպ համայնապատկեր է, որը լուրջ և ծանրակշիռ նշանակություն ունի հայ պամագիտության հոլովույթում:
Լևոն Ազրոյանի անցած բեղուն ճանապարհի, գրական և լրագրողական բազմամյա գործունեության մասին հետաքրքրական տեղեկույթով և պատշաճ մեկնաբանությամբ հանդես եկան «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Արամ Անանյանը, հեռուստալրագրող, ռեժիսոր, դերասան Գարիկ Ղազարյանը, կինոգետ, Հայաստանի և Ռուսաստանի կինոմատոգրաֆիստների միության անդամ Ռոբերտ Մաթոսյանը, գրող, լրագրող Տիգրան Նիկողոսյանը: ԼևոնԱզրոյանի «Դարձ ի շրջանս յուր» գրքից հատվածներ ներկայացրեց դերասանուհի Աիդա Ասատուրյանը:
Միջոցառման ավարտին Լևոն Ազրոյանը հետաքրքիր հուշեր պատմեց հանդիսատեսին: Նա խորին երախտագիտություն հայտնեց սիրելի գրադարանին, ընկերներին, հանդիսատեսին:
Հանդիսությունը վարեց դերասանուհի ԳայանեՍամվելյանը:
Միջոցառումը մերօրյա բարդ ժամանակներում անխոնջ Մտավորականի, Գրի, Գրականության, Բանիվի հերթական Ձոն-Քննահանդես էր:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են