«Ճանաչենք մեր մեծերին-Հովհաննես Թումանյան-150» խաղ–մրցույթ


    Աստեղային երազների աշխարհքներում լուսակաթ,
Մեծ խոհերի խոյանքների հեռուներում անարատ,
Անհիշելի վերհուշերի մշուշներում նրբաղոտ`
Երբեմն, ասես, զգում եմ ես, թե կհասնեմ Նրա մոտ…
Հովհ. Թումանյան
Մեծ խոհերի, վեհ ու աստեղային խոյանքների գրականություն ստեղծելը մեծ գործ է, իսկ այդ ժառանգությունը սերունդներին փոխանցելը՝ մեծագործություն: Հենց այս նպատակն է հետապնդում «Ճանաչենք մեր մեծերին - Հովհաննես Թումանյան-150» խաղ – մրցույթի կազմակերպումը 2019թ. «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ծրագրի շրջանակում:
Խաղ-մրցույթին մասնակցում էին Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մասնաճյուղերի թիմերը. թիվ 28 գ/մ՝ «Դսեղ», թիվ 33 գ/մ՝ «Վերնատուն», թիվ 36 գ/մ՝ «Անուշ», Երևանի պարարվեստի պետական քոլեջ՝ «Հայի ոգին», Ջ. Բայրոնի անվան գրականության բաժին՝ «Մեծ լոռեցին»:
Մրցակից թիմերը հարուստ գիտելիքներով, խանդավառությամբ և Թումանյանական պայծառ լույսով լցրին դահլիճը և հանդիսատեսի, հյուրերի, հանձնախմբի /նախագահ՝ Թումանյան տուն-թանգարանի գիտաշխատող Սուսաննա Ադամյան/ անդամների հոգիները: Հաղթեց թիվ 21 գ/մ-ի «Փարվանա» թիմը: Միանգամից ասենք, որ պարտվող չկար, քանզի մթնոլորտն առլեցուն էր վեհ ու վսեմ խոսքի, խորունկ իմաստության, պոետական լույսի հոգեպարար ջերմությամբ: 12-15 տարեկան պատանի ընթերցողների շուրթերին ծաղկում էր ոսկեղենիկ հայերենը: Նրանց լուսով առ կերպարներից ճառագում էր «Արևի պես աշխարհին նայելու» Թումանյանական փիլիսոփայական ուղերձը:
Հաղթեց «...էն մեծ խոսքը, որ տի ասենք աշխարհքին»: Հաղթեց Թումանյանը: Հաղթեցին Հայն ու Հայաստանը՝ սերունդների ոգեղեն գրագետ հերթափոխով: Հաղթեց Հայի Ոգին:
Մրցույթ-խաղը, հիրավի, Հայի Ոգու
թեժ-ոգեկազդուրիչ հրավառություն էր:
Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի հերթական միջոցառումը կայացավ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են