<<Մեր լեզուն մեր Հայրենիքն է>>


    Մայրենի լեզու…
Դու՝ սեր առաջին, առաջին մորմոք, առաջին աղոթք,
Որ տառապանքով փոխվեցիր բառի ու դարձար լեզու,
Ու երբ <<Հայրենիք>> անունը տվինք հողին այս քարոտ,
<<Մայրենի>> դրինք անունը քո սուրբ…
…Եվ հիմա, հիմա, անթեղի նման քեզ պիտի տանենք,
Քեզ պիտի տանենք իբրև հրդեհից ազատված մանկան,
Հողմերից փրկված կանթեղի նման քեզ պիտի տանենք
Եվ տանենք իբրև երդում ու պատգամ…
Վ. Դավթյան
Մայրենի լեզվի այս խորախորհուրդ առաքելությունը և պատմամշակութային դերը սերունդներին փոխանցելու հույժ կարևոր նպատակն էր հետապնդում փետրվարի 21-ին Իսահակյան գրադարանում <<Մեր լեզուն մեր Հայրենիքն է>> խորագրով գրական-երաժշտական յուրատիպ համերգ-հանդիսությունը։ Հանդիսատեսը մեծ հետաքրքրությամբ և հաճույքով վայելեց մեր Մեծաց Բանքը՝ ազգապահպան պատմաբարոյական կոչնակները, արևմտահայ և արևելահայ մեծասքանչ քերթության ընտիր գոհարները՝ մասնավորապես 21-րդ դարի երիտասարդ սերնդի շուրթերով։ <<Խոսքի կենտրոն>> ստուդիայի սփյուռքահայ և հայաստանահայ երիտասարդ ասմունքողների նրբարվեստ կատարումները, հիրավի, նպաստեցին մեր ոսկեղենիկ Մայրենիի դիրքերի ամրապնդմանը։
<<Այսօր հրատապ օրախնդիր է՝ ներկայացնել կենդանի, անաղարտ հայերենը բարձր գրականությամբ, նոր սերնդի ներուժով>>։ Այս ուղերձ-կարգախոսով են լեզվամշակութային ծրագրերը կազմակերպում գրադարանի <<Խոսքի կենտրոն>> ստուդիան և ղեկավար, բ.գ.թ. Նադյա Անտոնյանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են