Ավետիք Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճը հունվարի 19-ին կրկին առլեցուն էր բանաստեղծական շնչով: Տեղի ունեցավ բանաստեղծուհի Նարինե Ավագյանի «Զրույց անցած կայարանների մասին» և «Չլրացված տողերի լուսանցքներում» գրքերի շնորհանդեսը: Ցուցադրված կենսագրական տեսանյութն ամփոփում էր երիտասարդ գրողի անցած գրական, մասնագիտական ուղին, բնութագրում նրա խոհափիլիսոփայական ներաշխարհը: Հայ-ռուսական /սլավոնական/ համալսարանի հայագիտության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ.Անի Փաշայանը ներկայացրեց Նարինե Ավագյանի բանաստեղծական աշխարհի առանձնահատկությունները՝հատկապես շեշտադրելով երջանկությունն ապրելու նրա խիզախությունը և համոզիչ, խորունկ անկեղծությունը: <<Նարինեն հիրավի օժտված բանաստեղծ է՝ ռիթմի զգացողությամբ: Կյանքի ճանապարհին նա միշտ ելք է որոնում և գտնումայն>>. Սա ՀԳՄ հրատարակչատան տնօրեն, մշակութաբան, գրող, թարգմանիչ Շանթ Մկրտչյանի դիտարկումն է: Գրող, արձակագիր Վրեժ Սարուխանյանն իր խոսքում ընդգծեց բանաստեղծուհու ջերմ վերաբերմունքը հայրենիքի, ընտանիքի, սիրո հանդեպ: Սիրո առեղծվածի ինքնատիպ քննությունը և չափավոր լավատեսությունը, ըստ բանասեր Լենա Հարությունյանի, առանձնահատուկ տեղ ունեն բանաստեղծուհու պոեզիայում: Հանդիսատեսը հետաքրքրությամբ ունկնդրեց Նարինե Ավագյանի դուստրերի՝ Կարինե, Գոհար, Սոնա Ավագյանների ասմունքային կատարումները: Գրքի շնորհանդեսը բառօրհնության, սիրերգության ջերմ ծես էր:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են