Ռուզան Ասատրյան - 70


    Հունիսի 8-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը՝ Հայաստանի գրողների միության հետ համատեղ, կազմակերպել էր հոբելյանական երեկո՝ նվիրված բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ Ռուզան Ասատրյանի ծննդյան 70-ամյակին: Երեկոյին ներկա էին հոբելյարի գրչակից ընկերները, ընթերցողներ, մշակութային գործիչներ, արվեստագետներ: Հանդիսությունը հագեցած էր բազում անակնկալներով: Հնչեցին հեղինակի ստեղծագործությունների հիման վրա գրված երգեր, գրականագիտական կարծիքներ ու շնորհավորանքներ: Ելույթով հանդես եկան գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Աելիտա Դոլուխանյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրո‎ֆեսոր Սուրեն Դանիելյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Արագածոտնի մարզի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը, Հայ Ավետարանչական եկեղեցու առաջնորդ, պատվելի Լևոն Բարդակչյանը, բանաստեղծ, նկարիչ, «Մշակույթի հայկական ֆոնդի» նախագահ Արևշատ Ավագյանը, Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի դպրոցի տնօրեն Աննա Արսենյանը, Ռուզան Ասատրյանի նոր՝ «Վավերագրեր» գրքի հովանավոր Փառանձեմ Հակոբյանը և այլք: «Վահագն» ռազմա-հայրենասիրական բարեգործական կազմակերպությունը՝ Կարապետ Կարապետյանի /Մորուք Կարո/ նախաձեռնությամբ, Ռուզան Ասատրյանին պարգևատրեց «Դիցամայր Անահիտ» շքանշանով, որը հոբելյարին հանձնեց Աննա Կոստանյանը: Հեղինակի ստեղծագործությունները հնչեցին դերասանուհի, հանդիսավար Գայանե Սամվելյանի և «Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոն»-ի սաների /գեղ. ղեկ. Նադյա Անտոնյան/ ընթերցմամբ: Երաժշտական կատարումներով հանդիսատեսին ողջունեցին «Սասուն» ազգային երգի-պարի համույթը /գեղ. ղեկ. Անդրանիկ սարկավագ Մանուկյան/, Եվրոպայի 2007թ.-ի «Լավագույն ձայն» մրցույթի մրցանակակիր և Շվեդիայի 2010թ.-ի «Երևույթ ձայն» ճանաչված Վահրամ Թադևոսյանը, երգիչ, երգահան Արսեն Համբարյանը և Անահիտ Սահակյանը: Երեկոն ամփոփեց և շնորհակալական խոսքով հանդես եկավ հոբելյարը՝ Ռուզան Ասատրյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են