Միջոցառումներ՝ նվիրված երեխաների պաշտպանության օրվան


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում հյուրընկալվել էին մեր փոքրիկ ընթերցողները՝ մասնակցելու հունիսմեկյան միջոցառումներին՝ նվիրված երեխաների պաշտպանության օրվան: Երեխաներին սպասվում էին հաճելի անակնկալներ: Օրը սկսվեց գրադարանի ճեմասրահում հնչող մանկական երգերով և մուլտֆիլմերի ցուցադրություններով: «Մանկական գրականության» բաժնում երեխաները ունկնդրեցին հեքիաթներ՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան «Տեղեկատվական ռեսուրսների» կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամլո կցորդ Ջեյք Գոշերթի ընթերցմամբ: Այնուհետև երեխաները մասնակցեցին «Իմ Երևան» խորագրով նկարչական մրցույթին: Լավագույն նկարները արժանացան պատվոգրերի և նվերների: Գրադարանի դահլիճում մեր փոքրիկ բարեկամները հանդիպեցին կոմպոզիտոր Հռիփսիմե Խրիմյանի հետ, ներկա գտնվեցին նաև մանկագիր Հռիպսիմէի «Թիթեռնիկներ» գրքի շնորհանդեսին և ստացան նվերներ հեղինակի կողմից: «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի կենտրոնական գրադարանի «Պոեզիայի թատրոն» ստուդիայի սաները ներկայացրեցին Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունից հատվածներ, իսկ «Իսահակյան» թատերախմբի սաները՝ «Պոչատ նապաստակը» բեմադրությունը: Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը նվերներ և պատվոգրեր հանձնեց «Մայիսյան հաղթանակներ» խաղ-մրցույթում «Ամենահամարձակ մասնակից» և «Լավագույն մասնակից» անվանակարգերի, ինչպես նաև հաղթող ճանաչված «Վահագն» թիմի մասնակիցներին: Երեխաները գրադարանից հեռացան բարձր և տոնական տրամադրությամբ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են