«Նռան հատիկ» 2017


    Հոկտեմբերի 26-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 17-րդ փառատոնի մամլո ասուլիսը: Մասնակցում էին «Նռան հատիկ» փառատոնի նախագահ Արուսյակ Մանթաշյանը, «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիայի նախագահ Գարիկ Ղազարյանը, Մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստների վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հայրապետյանը, Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեններ Ռուզաննա Բարսեղյանը և Կարինե Մեհրաբյանը: Ներկա էին բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, «Նռան հատիկ» փառատոնի մասնակից թատերախմբերի ղեկավարներ, «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիայի վարչության անդամներ և ընթերցողներ: Մամլո ասուլիսի մասնակիցները ներկայացրեցին փառատոնին ընգրկված թատերախմբերին, որոնք այս տարի 40 են՝ 42 ներկայացմամբ: Նրանցից երկուսը՝ հաշմանդամություն ունեցող երեխաների ու երիտասարդների «Հույսի կամուրջ» և «Փրկություն» հասարակական կազմակերպությունների թատերախմբերն են:
«ՆՌԱՆ ՀԱՏԻԿ» փառատոնին առաջին անգամ մասնակցելու են 12 նոր թատերախումբ՝ Երևանից և ՀՀ Տավուշի մարզից՝ 1-ական, Լոռու , ՀՀ Արմավիրի, ՀՀ Արարատի մարզերից՝ 2-ական, ՀՀ Գեղարքունիքի մարզից՝ 4-ական խմբեր:
«Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա» Հ/Կ-ն ստեղծվել է 2001թ-ին՝ թատերական արվեստի մի խումբ նվիրյալների նախաձեռնությամբ: Կազմակերպության նպատակն է աջակցել մանկապատանեկան թատերական արվեստի զարգացմանն ու ավանդույթների ձևավորմանը, համախմբել և համակարգել գործող թատերական մանկապատանեկան խմբերը, աջակցել նորերի ստեղծմանն ու կայացմանը: Կազմակերպության կարևոր խնդիրներից է թատերական արվեստի միջոցով նպաստել աճող սերնդի ազգային-հայեցի, գեղագիտական և բարոյական դաստիարակությանը՝ մայրենիի մաքրությունն ու անաղարտությունը դիտարկելով առաջնային խնդիր: Փառատոնն ընթանալու է Երևանի Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում և Ան. Շիրակացու անվան ճեմարանում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 4-ը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են