Հուշ-ցերեկույթ՝ նվիրված ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանին


    «Կեցցե՛ այն Հայաստանը, որը վաղն է գալիս…»
…Ազատ և անկախ ապրելը մեզ համար ինքնապաշտպանության խնդիր է: Մենք ասում ենք. Ուզում ենք լինե′լ և այսպե′ս լինել: Մեր գոյատևելու պայքարը ազատ ու անկախ լինելն է:
Մովսես Գորգիսյան
Սեպտեմբերի 20-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ում՝ Անկախության օրվան նվիրված ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված անկախության մարտիկ, ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանին: Արցախյան շարժման ազատամարտիկ Մովսես Գորգիսյանը ստեղծել է <<Անկախության բանակ>> ջոկատը որպես ապագա ազգային բանակի հիմք, որի համար արժանացել է Ազգային հերոսի կոչման:
Ցերեկոյին ներկա էին Մովսես Գորգիսյանի անվան թիվ 158 դպրոցի սաները, ովքեր իրենց ելույթով ներկաներին փոխանցեցին Գորգիսյանական գաղափարադաստիարակչական և ռազմահայրենասիրական ոգին: Դպրոցի տնօրեն Արև Գույումյանը հուզված, հպարտորեն խոսեց Մովսեսի մասին և ողջունեց Անկախության սերնդին: Քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանը վերհիշեց և պատմեց հերոսի կատարած անձնվեր սխրագործություններից:
Ելույթ ունեցավ գրող, հրապարակախոս, գնդապետ Էդուարդ Խաչիկյանը, ռեժիսոր Սամվել Թադևոսյանը, ում խոսքից հետո ներկաները դիտեցին Մովսես Գորգիսյանին նվիրված ֆիլմ:
Ներկաներն ունկնդրեցին հեղինակի նամակներից և մտքերից՝ հանդիսավար, դերասանուհի Գայանե Սամվելյանի ընթերցմամբ:
« Քո անցած արահետն այսօր մայրուղի է դարձել, վառածդ լույսը՝ փարոս, անունդ՝ Անմահություն»…
Ռուզան Գորգիսյան

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են