Կ.Վարդանյանի«Պայթյուններ Թուրքիայում և..ոչ միայն»գրքի շնորհանդես


    Հունիսի 28-ին Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրող, գրականագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարո Վարդանյանի «ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵՎ… ՈՉ ՄԻԱՅՆ» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է Լիբանանի «Սփիւռք» պարբերաթերթը։ Դահլիճը զարդարված էր ԱՍԱԼԱ-ի հիմնադիրների և նահատակների լուսանկարներով, որոնց ցուցադրությունը կշարունակվի մեկ շաբաթ /հունիսի 28-հուլիսի 6/: Հանդիսությանը ներկա էին գրականագետներ, գրողներ, մշակույթի գործիչներ, հեռուստա և ռադիո լրագրողներ և հյուրեր։ Գիրքը պատմում է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ASALA) չբացահայտված անդամներից մեկի տրամադրած տեղեկությունները, որոնցից շատերն առաջին անգամ են դրվում շրջանառության մեջ: Այդ խորհրդավոր անձնավորությունը հեղինակ է Թուրքիայի և թրքամետ մի շարք երկրների շահերի դեմ իրականացված ավելի քան 100 պայթյունի: Նրա պատմությունները հեղինակը համալրել է տարիների իր ուսումնասիրությունների արդյունքում հավաքած տեղեկություններով, որոնք օգնում են ամբողջական պատկերացում կազմել ASALA-ի ստեղծման նախադրյալների, նպատակների, զինյալ գործունեության արդյունքների և ներքին խոհանոցին առնչվող բազում հարցերի մասին: Նյութի մատուցումն առավել հետաքրքիր դարձնելու նպատակով, այն ներկայացված է որպես իրապատում վեպ՝ այդ ժանրին բնորոշ գրականգեղարվեստական հնարանքներով: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը։ Գրքի արժանիքների և հեղինակի կատարած աշխատանքի վերաբերյալ դրվատանքի խոսքերով հանդես եկան գրքի հրատարակիչ՝ Լիբանանի «Սփիւռք» պարբերաթերթի ներկայացուցիչ Գառնիկ Էսֆահանին, գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, գրող, հրապարակախոս Ռուբեն Սիմոնյանը: Հաշվի առնելով գրքի հանդեպ առկա մեծ պահանջարկը, «Սփիւռք» պարբերաթերթի ներկայացուցիչները խոստացան առաջիկայում վերահրատարակել այն: Հայրենասիրական երգերի կատարմամբ հանդիսատեսին ողջունեցին Աշուղ Ռազմարն ու երգիչ, երգահան Արսեն Համբարյանը։ Շնորհանդեսն ամփոփելով Կարո Վարդանյանը ներկայացրեց գրքի ստեղծագործական պատմությունը, որից հետո հեղինակը՝ Գրականության և արվեստի թանգարանի կողմից գրադարանին նվիրեց Ավետիք Իսահակյանին պատկերող մի բարձրարվեստ կտավ /հեղինակ՝ Արա Հովսեփյան/: Միջոցառման ավարտին հանդիսականներին անակնկալ էր սպասվում․ ներկաներն ունկնդրեցին գրքի խորհրդավոր հերոսի ողջույնի խոսքի ձայնագրությունը, որը տրամադրվել էր «Սփիւռք» պարբերաթերթի կողմից: Հանդիսությունը վարում էր դերասանուհի Գայանե Սամվելյանը, ով ներկայացրեց հատվածներ գրքից։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են