Սևիլ Առաքելյանի «Ոգեղեն աղոթք» երգամատյանի շնորհանդես


    Մայիսի 26-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ Հնդկաստանի Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի երաժշտության վաստակաշատ ուսուցիչ, խմբավար-երգահան Սևիլ Առաքելյանի «Ոգեղեն աղոթք» երգամատյանի շնորհանդեսը: Ճեմարանական տարիների նրա հունցքը ներկայացնում է հոգևոր խմբերգային ստեղծագործություններ, սրտամոտ երգեր՝ գրված հայ դասականների /Եղիշե Չարենց, Սիլվա Կապուտիկյան /, ինչպես նաև նույն ճեմարանի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, բանաստեղծ Հակոբ Սրապյանի տեքստերով: Երգամատյանում ամփոփված ստեղծագործությունների գերակշիռ մասը ներկայացվում են հեղինակի ղեկավարությամբ գործող երգչախմբի կատարմամբ: Վաստակաշատ երաժշտի լավագույն ստեղծագործություններից մեկը Կալկաթայի Հայոց մարդասիրականի հիմնն է, որն ամեն առավոտ «Հայր մեր»-ից հետո որպես ոգեղեն աղոթք է հնչում ճեմարանական բոլոր սաների շուրթերից…
Դահլիճում ներկա էին բազմաթիվ ընթերցողներ, մշակույթի գործիչներ, մտավորականներ և հյուրեր՝ Հնդկաստանից:
Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Երգահանի ստեղծագործական գործունեության և կատարած աշխատանքի մասին խոսեցին գրող, հրապարակախոս Հակոբ Սրապյանը, Հնդկաստանի Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գրետա Անդրեասյանը, արձակագիր, մանկավարժ Վալերի Պարանյանը, գրող-հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ Թորոս Թորանյանը: Երգչախմբին շունչ, հոգի ու թևեր տվող Սևիլ Առաքելյանը համեստագույնս ներկայացրեց Հնդկաստանում իր կատարած աշխատանքը և Հայաստան եկած երգչախմբի հետ միասին հանդիսատեսին ներկայացրեց մի շարք երաժշտական համարներ :
Երգչախումբը փառավորում է հայ երգը՝ արժանանալով առաջին մրցանակների, վաստակելով Կալկաթայի լավագույն երգչախումբ պատվանունն ու պարտադրելով բարձրացնել Հայաստանի հաղթական Եռագույնը…

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են