«Զոհրապ» պիեսի բեմականացում


    Մայիսի 6-ին «Մայիսյան եռատոն» ծրագրի շրջանակում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի սաները ներկայացրեցին մանկավարժ Նորիկ Գափոյանի «Զոհրապ» պիեսը: Այն նվիրված էր Արցախյան պատերազմի մասնակից Կարմիրգյուղի ազատամարտիկների, մասնավորապես, Զոհրապ Շհոյանի ցուցաբերած սխրագործություններին :Պիեսը իր հերթին կարող է ծառայել որպես հայրենասիրության դաս՝ հաջորդ սերունդների դաստիարակությանը: Զոհրապ Շհոյանը անձնուրացաբար մարտնչել է Արցախյան պատերազմում և գիտակցաբար զոհաբերել իր կյանքը հանուն հայրենիքի: Իսահակյան գրադարանի դահլիճը լեփ- լեցուն էր: Ողջույնի խոսքով հանդես եկավ Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը:«Դրսում գարուն է, հաղթական մայիսն է, մեր ժողովրդի պատմության շատ կարևոր մի ժամանակաշրջան, որը մենք կոչում ենք «Մայիսյան եռատոն» և հույս հայտնեց, որ մեր ժողովրդի պատմության մեջ դեռ կլինեն հաղթական մայիսներ: Մենք դեռ շատ խնդիրներ ունենք լուծելու, մեր պատմության դեղին էջերը նոր սպիտակ թղթի վրա նոր սերնդի ձեռքով գրելու»: Այնուհետև հյուրերին հիշարժան և հաղթական օրվա առիթով ողջունեց Կարմիրգյուղի թիվ 1միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Շահբազյանը.«Մեր վաղը, մեր ապագան կախված է ներկայից: Վաղը ազգովի հնձելու ենք այն , ինչ որ սերմանում ենք այսօր, իսկ այսօրվա մեր հունդը պետք է լինի հայրենասիրությունը: Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ և կործանվում դրա պակասից - Նժդեհյան այս ոգով ենք ուսուցանում մեր սաներին »: Դահլիճում թևածում էր հայրենասիրական շունչը ,որը բխում էր յուրաքանչյուրի հոգուց: Ահա այս մթնոլորտում աշակերտները հանդիսատեսի դատին հանձնեցին հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լիլիթ Մելքոնյանի բեմադրած «Զոհրապ»պիեսը: Նրանք կարողացան ճիշտ ընկալել դերերը և ներկաներին փոխանցել ժամանակի շունչը: Հանդիսատեսին երաժշտական կատարումով ողջունեց դուդուկահար Նորայր Գափոյանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Վահան Եղիազարյանը, հրապարակախոս, արձակագիր «Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող Տիգրան Նիկողոսյանը, Արցախյան ազատագրական շարժման ակունքներում կանգնած, Կարմիրգյուղի նախկին գյուղապետ, վաշտի հրամանատար Աշոտ Նիկողոսյանը, Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ երկրապահ կամավորական միության Գավառի բաժանմունքի նախագահ գեներալ-մայոր Աշոտ Գասպարյանը, Կարմիրգյուղի համայնքապետ Հակոբ Գասպարյանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենի խորհրդական Համլետ Հակոբյանը ,«Արծիվ- մահապարտներ» գումարտակի ազատամարտիկ Սպարտակ Մաթևոսյանը, դերասան, «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիայի նախագահ Գարիկ Ղազարյանը և այլոք: Ներկայացումը դիտելուց հետո Գարիկ Ղազարյանը նշեց որ Գավառը 2002 թ –ից սկսած ակտիվ մասակցություն է ունեցել «Նռան Հատիկ » Հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնին: Նա նորաստեղծ թատերախմբին հրավիրեց մասնակցելու «Նռան Հատիկ- 2017»-ին: Միջոցառման ավարտին Հասմիկ Կարապետյանը դպրոցին նվիրեց գրքեր, և հանձնեց Ավ.Իսահակյանի ԿԳ ՀՈԱԿ- ի շնորհակալագիրը՝ «Մայիսյան հաղթանակներ» ծրագրին մասնակցելու համար և մեկ անգամ ևս փաստելով, հայրենիքը ամեն ինչից վեր է :

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են