Ցերեկույթ՝ նվիրված Յուրի Սահակյանի 80-ամյակին


    Եկեք դու՜ք էլ, դու՜ք էլ, դու՜ք էլ,
Կանգնե՛ք կողքին իմ հավատի
ՈՒ կրկնեք ինձ պես, ինձ հետ.
-Հավատու՜մ եմ Արարատին:
-Հավատու՜մ եմ Արարատին:
Յուրի Սահակյան
Մարտի 27-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված բանաստեղծ-մանկագիր Յուրի Սահակյանի 80-ամյակին: Միջոցառումը հագեցած էր բազմաթիվ մանկական թատերական ներկայացումներով և երաժշտական կատարումներով: Մանկագրին շնորհավորելու էին եկել թիվ 84 մանկապարտեզի «Զատիկ» վոկալ խումբը՝ «Հացթուխ» և «Գնդակ» երգերի կատարմամբ (խոսք՝ Յուրի Սահակյանի, երաժշտությունը՝ Լիլիթ Համբարձումյան): Վահունու անվան գրադարան-մասնաճյուղը՝ Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51, Երևանի Հովհ. Պողոսյանի անվան թիվ 82 և Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոցի աշակերտների և 21 գրադարան-մասնաճյուղը՝ իր ընթերցողների՝ Չեխովի անվան դպրոցի 4-րդ դասարանի հետ համատեղ ներկայացրին մանկագրի ստեղծագործությունները: ԿԳ-ի «Մանկական գրականության բաժինը» և «Ուսմունք» դպրոցը համատեղ ներկայացրեցին Յուրի Սահակյանի «Նավի ճանապարհորդությունը» ստեղծագործության բեմադրությունը (ղեկավար՝ Լիլիա Թորոսյան, դաշնամուրային նվագակցություն՝ Ջուլիետա Հարությունյան): Յուրի Սահակյանի բանաստեղծությունները ընթերցեցին նաև նրա թոռնիկները:
Հանդիսությունը վարում էր դերասանուհի Գայանե Սամվելյանը։ Նա ներկաների համար ընթերցեց հեղինակի բանաստեղծություններից:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են