Հանդիպում Սիրիայից գաղթած արձակագիր Պերճուհի Ավետյանի հետ


    «Հայաստան երկիր դրախտավայր»… ոտք դնելով հայրենիք ըմբռնեցի, որ «Երկիր դրախտավայր» որակումը, սփյուռքահայի երազն է, սփիւռքի առօրեան քաղցրացնող, հայրենասիրութիւնը հրահրող կարգախօս: Ու հասկացայ, որ կեանքը ապրիլը այլ է, երազելը այլ… «դրախտավայր»-ը փակեցի հոգւյս խորը, կանգուն ու անսասան պահելով «Հայաստան իմ երկիր» կարգախօսը:
«Բախտաւոր էք դուք հայերդ, հայրենիք ունեիք» ըսած էր Հալեպցի արաբ դրացուհիս, երբ իմացած էր, որ կը պատրաստուէիք Հայաստան տեղափոխուիլ: Այնքան հպարտ զգացի… այո, շրջափակուած, վերնախաւի հարստահարութենէն պարտասած, խոշտանգուած, հոշոտուելով փոքրիկ հողակտոր մնացած, բայց Ազատ-Անկախ ՀԱՅՐԵՆԻՔս…»
Պերճուհի Ավետյան
Սիրիայից գաղթած արձակագիր, հրապարակախոս Պերճուհի Ավետյանի հետ հանդիպումը տեղի ունեցավ մարտի 27-ին՝ Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի լեփ-լեցուն դահլիճում: Ներկա էին գրող, ազատամարտիկ, արձակագիր Հովիկ Վարդումյանը, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Գոհար Գալստյանը, հեղինակի հարազատները, մշակույթի գործիչներ, գրականագետներ, հեռուստալրագրողներ, բազմաթիվ ընթերցողներ և հյուրեր: Ներկաներին ողջունեցին և հեղինակի ստեղծագործություններից ընթերցեցին գրականագետ, թարգմանիչ, մանկավարժ, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀԳՄ վարչության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, արձակագիր, հրապարակախոս, մանկավարժ Ալիս Հովհաննիսյանը, դերասան Սարգիս Վարդևանյանը, բժիշկ, արևմտահայ և սփյուռքահայ գրականության գիտակ Կամո Տեր-Պետրոսյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Անտոնյանը, գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ Թորոս Թորանյանը և այլք:
Հանդիսությունը վարում էր դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են