Սասունցի պապերի արժանավոր թոռները


    Արագածոտնի Լեռնարոտ գյուղը ծվարել է Հայոց լեռնաշխարհի հեռավոր անկյունում, բայց ապրում է լիարյուն կյանքով: Լեռնարոտի Գ. Միքայելյանի անունը կրող միջնակարգ դպրոցի սաները զարմանալի շնորհներով օժտված մարդիկ են ու հաճախ են կազմակերպում հետաքրքիր միջոցառումներ: Երևանի Ավ. Իսահակյանի անվան գրադարանի աշխատակիցների հետ նրանց բարեկամությունը տարիների պատմություն ունի. դպրոցում սիրով պահում են գրադարանի նվիրատվությունը՝ գրքերը, որ պարբերաբար ընթերցում են աշակերտները, իսկ գրադարանում միշտ պատրաստ են հյուրընկալել իրենց բարեկամներին:
Դպրոցի սաների՝ Աննայի (նա հիմա ուսանողուհի է), Սեդայի, Արևիկների, Լիանայի, Անահիտի, Գոհարիկի, Ելենայի, Շուշանիկի, Մարիամի, Ալիսայի երգն ու պարը զուգակցվում էր ասմունքով, մեծերի խոսքերից մեջբերումներով. սքանչելի գործ էին արել սցենարի հեղինակները՝ Ավագյան Մարիամը (ուսուցչուհի) և Սահակյան Աննան, որն ապագա լրագրողի բծախնդրությամբ հղկել էր տեքստը: Հեռավոր, բայց Լեռնարոտի ամեն բնակչի արյան կանչ դարձած Գելիգուզյան գյուղի նախնիների ոգու կենդանության մասին են վկայում այս երեխաների անկաշկանդ երգն ու վարակիչ պարը: Դպրոցի տնօրեն տիկին Արուսյակ Մնացականյանի հուզիչ խոսքից հետո դահլիճը լցվեց ծափ ու ծիծաղով. երեխաների հետ պարեցին ուսուցիչներն ու ծնողները:
Հանդիսատեսի խանդավառությունը սահման չուներ:
Պայմանավորվեցին նորից հանդիպել:
Տա~ Աստված, որ նման անմոռաց հանդիպումների առիթ և հնարավորություն շատ լինի:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են