Ֆելիքս Պետրոսյանի «Կիսատ անուրջներ»գրքի շնորհանդես


    …Եթե ես ապրեմ ու այնպես ապրեմ,
որ հողս ինձնով մանուշակ ծնի ամեն գարնան հետ-
պոկեք ինձ թփից ապրիլի վերջին
ու տարեք ձեզ հետ… Ծիծեռնակաբերդ:
Նահատակների սրբության գրկում որտեղ էլ դնեք,
Ձեզանից հետո որտեղ էլ մնամ,
Կտրած ցողունս կարմատակալի, կփյունիկվեմ ես,
Զի գլխիս վերեւ ու աչքերիս մեջ
Մեկ ու կես միլիոն արեւ կունենամ…
Ֆելիքս Պետրոսյան
Մարտի 17-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ բանաստեղծ Ֆելիքս Պետրոսյանի «Կիսատ անուրջներ» գրքի շնորհանդեսը: Գիրքը կազմվել է վաղամեռիկ բանաստեղծ Ֆելիքս Պետրոսյանի ստեղծագործություններով և նրա հետ կազմողի՝ Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանի, ունեցած նամակագրությամբ: Սովետի տարիներին չներվեցին հեռուստատեսության խմբագիր Ֆելիքսի համարձակ հաղորդումները, որոնցում բացահայտվում էին հասարակությանը խորթ բարքերը, վեր հանվում թերությունները , և Ֆելիքսը հանիրավի բանտարկվեց ու այնտեղ էլ, կաթվածի հետևանքով, կնքեց իր մահկանացուն: Հովհաննես Պապիկյանի խոսքով Ֆելիքսի բանաստեղծությունների մեջ կար սեր ու նվիրվածություն հայրենիքին, ծիծաղ ու թախիծ, անուրջ ու մորմոք, բայց ավելի շատ հավատ ու լավատեսություն մարդու, նրա հույզերի ու նպատակների հանդեպ:
Հուշ ցերեկոյին ներկա էին Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը, արձակագիր , հրապարակախոս, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Դավիթ Մկր Սարգսյանը, գրող, լրագրող Վրեժ Սարուխանյանը, լրագրող Շուշանիկ Սահակյանը, բանաստեղծ Ֆելիքս Պետրոսյանի եղբայր Համլետ Պետրոսյանը, ովքեր իրենց խոսքով հիշեցին և մեծարեցին վաղամեռիկ բանաստեղծին:
Հեղինակի բանաստեղծությունների ընթերցմամբ հանդես եկան հանդիսավար, դերասանուհի Գայանե Սամվելյանը, դերասանուհի Մայրանուշ Գրիգորյանը:
Երաժշտական համարով հանդիսատեսին ողջունեց գրող, երգիչ, երգահան Արսեն Համբարյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են