«Պոստ ֆակտում… Անցյալն է որոշում ապագան»


    Մարտի 9-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում ցուցադրվեց ռեժիսոր Մովսես Գասպարյանի «Պոստ ֆակտում… Անցյալն է որոշում ապագան» վավերագրական ֆիլմը՝ նվիրված Կոմիտաս Վարդապետին: Ներկա էին մշակույթի և հասարակական գործիչներ, ընթերցողներ և հյուրեր: 40-րոպե տևողությամբ ֆիլմը նկարահանվել է Գագիկ Հարությունյանի նախաձեռնությամբ՝ «Նոր տապան» ստեղծագործական խմբի կողմից: Ֆիլմը Կոմիտաս Վարդապետի ժառանգության և այն մասին է, թե ինչպես նա դարձավ քաղաքական ու հասարակական հակասությունների զոհ՝ 1915 թվականի ցեղասպանությունից առաջ: Ֆիլմում մանրամասն ներկայացվում է Կոմիտաս Վարդապետի գոյություն չունեցող «Քրդական մեղեդի» թեմայով դիպլոմային թեզի խնդիրը, որի գաղափարը հաստատվել է մեր գիտակցության մեջ հարյուրամյակի ընթացքում: Ֆիլմի օպերատորներ են Գագիկ Հարությունյանը, Արմեն Բաղինյանը, Կարեն Բաղինյանը, Մովսես Գասպարյանը, մոնտաժը՝ Մովսես Գասպարյանի ու Կարեն Բաղինյանի: Ֆիլմում հնչում է Կոմիտաս Վարդապետի «Լոռվա գութաներգ» ու «Հայրապետական Օրհներգ» երաժշտությունները: Ֆիլմը հիմնված է «Հարյուրամյա պատմություն» /հեղինակ՝ գրականության և արվեստի պետական թանգարանի ավագ գիտաշխատող Մարինե Մուշեղյան/ և «Մեկ կեղծիքի շոշափուկները» /հեղինակ՝ պատմաբան Տիգրան Պետրոսյանց/ գիտական աշխատությունների վրա:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են