Դավիթ Ասատրյան «Վերադարձ դեպի հարություն»


    …Գիտեմ` ինչից եք այսքան խեղճացել
(Հաստատ, դեռ շատ են հույսեր մորթվելու …)
Գիտեմ` ինչից եք այսպես համրացել,
Բայց, հիշե’ք, տղե’րք, ԼԱ’Վ Է ԼԻՆԵԼՈՒ …
Ցավն է բույն դրել մեր սրտերից ներս.
Գիտեմ` շատերս չենք դիմանալու
(Գուցե առաջին ընկնողն եմ ես …),
Բայց, մեկ է. գիտեմ. ԼԱ’Վ Է ԼԻՆԵԼՈՒ …
Ատելությունը հորդորում է վարար
(Տե՛ր, հերթը չգա արյուն թափելու)…
Մի օր իսկապես կսիրենք իրար,
Եվ հենց այդ օրը ԼԱ՛Վ Է ԼԻՆԵԼՈՒ…
Եվ թող հոխորտան ու կոչեր անեն,
Թող ասեն՝ վաղը ՀԱՅ չի լինելու.
Մշուշն ու մահը մի օր կցրվեն,
Վերջում, կտեսնե՛ք. ԼԱ՛Վ Է ԼԻՆԵԼՈՒ…
Թե իրոք Հայ ես, չարին չես մերվի
(Չարիքի առաջ սուր ես ճոճելու),
Անհուսությունից սիրտդ չի նեխի,
Քանզի շատ շուտով ԼԱ՛Վ Է ԼԻՆԵԼՈՒ…
Դավիթ Ասատրյան
Փետրվարի 27-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում պոեզիայի երեկո էր. ընթերցասեր հասարակայնությունը հավաքվել էր ողջունելու երիտասարդ բանաստեղծ Դավիթ Ասատրյանի «Վերադարձ դեպի հարություն» գրքի երկրորդ հրատարակությունը: Ներկա էին մշակույթի և հասարակական գործիչներ, Դավթի գրչակից ընկերները և հյուրեր:
«Վերադարձ դեպի հարություն»-ը հեղինակի չորրորդ գիրքն է, որտեղ ներառված են գրողի քաղաքական, սիրային և կարոտի բանաստեղծությունները: «Դավիթ Ասատրյանը գրականություն մտավ տարերքի նման, քարը քարի վրա չթողեց կեղծիքի թագավորությունից, ուժեղ, առնական խոսքով վառեց պոեզիայի կրակը, և ահա այսպես՝ երիտասարդի իրավունքով խոսեց իր ժամանակի մասին: Հոգին ամրակուռ է, գիրն արդեն կայացած, ոճը՝ սքանչելի: Հայ բանաստեղծ է՝ հավատարիմ իր նախորդ գրական մեծերի բանաստեղծական ավանդույթներին…:
Ինքը այն սերնդի ներկայացուցիչն է, ովքեր կանգնած են պատնեշի վրա, հայ գիր են ստեղծում, հայրենիքի սահմանն են պահում: Բնավ պատահական չէ, որ իր լավագույն բանաստեղծություններից մեկը նվիրեց Արմեն Հովհաննիսյանի սուրբ հիշատակին՝ այն քաջ զինվորին, որ հերոսի մահով ընկավ մարտի դաշտում՝ մեկ թիզ հող անգամ չզիջելով թուրքին… »:
Աբգար Ափինյան
Հեղինակին հեռավոր ողջույններ հղեցին և նրա գրական գործունեության վերաբերյալ դրվատանքի խոսքեր ասացին Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը, երիտասարդ գրողներ Գոռ Հարությունյանն ու Դավիթ Մշեցին, պոետ, երգահան, հոգեբան-մանկավարժ Ռուբեն Քամալյանը և այլք: Երաժշտական կատարմամբ հանդիսատեսին ողջունեց երգչուհի Անուշիկ Հարությունյանը:
Հեղինակի բանաստեղծությունների ընթերցմամբ հանդես եկավ դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են