Դիանա Համբարձումյանի անտիպ վեպի ընթերցանություն


    Փետրվարի 21-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ արձակագիր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դիանա Համբարձումյանի «Փեակների տարաբախտություն» անտիպ վեպի ընթերցանությունը: Ներկա էին արձակագիր, լրագրող, ԽՍՀՄ գրողների և ժուռնալիստների միության անդամ Ռոլանդ Շառոյանը, պետական և քաղաքական գործիչ, արձակագիր, հրապարակախոս Էդուարդ Խաչիկյանը, բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտ Խաչատրյանը, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Գոհար Գալստյանը, գրող, թարգմանիչ, խմբագիր Սաթենիկ Մկրտչյանը, գրականագետ Սաթենիկ Ավետիսյանը, արձակագիր, հրապարակախոս, մանկավարժ Ալիս Հովհաննիսյանը, գրող, թարգմանիչ, հրատարակիչ, խմբագիր Վաչագան Սարգսյանը, գրաքննադատներ, գրականագետներ, մշակույթի գործիչներ, ուսանողներ և բազմաթիվ ընթերցողներ: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Հաջորդիվ, բեմական գեղեցիկ խոսքով և ոսկեղենիկ մայրենիով, հեղինակն ընթերցասեր հասարակայնության դատին հանձնեց անտիպ վեպը: Ընթերցմանն անմիջապես հաջորդեց ներկաների և հեղինակի միջև բուռն վերլուծություն-քննարկում: Բազմաթիվ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ հղելուց բացի, հանդիսատեսը հույս հայտնեց, որ գրքի տպագիր օրինակը շուտով կտեսնի իր սեղանին: Երեկոյի ավարտին հեղինակն իր գրքերից սիրով մակագրեց և նվիրեց ներկաներին:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են