Հովհաննես Շանթի «Հատվող զուգահեռներ» ժողովածուի շնորհանդես


    ...Ձմեռ է նորից...
Պաղ լռությունն է փռվել տիրաբար:
Ծառերն են ճերմակ աղոթքով պատվել,
Հավատացյալի մոլեռանդությամբ
Սառած մատերը մեկնել են երկինք
Ու աղոթում են, կարծես թե՝ արև,
Բայց ցուրտ է այնքան,
Որ արեգակը դաջվել է մարդկանց
Սառած այտերին,
Որ գեթ նրանցով մի պահ ջերմանա...
(Հովհաննես Շանթ)
Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում փետրվարի 17-ի երեկոն լի էր պոեզիայով. տեղի ունեցավ բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, «Ոգեզարթոնք» մշակութային կենտրոնի հիմնադիր համանախագահ Հովհաննես Շանթի (Հովհաննես Մկրտչի Հակոբյան) «Հատվող զուգահեռներ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Գրքի նկարչական ձևավորումը Նաիրա Ահարոնյանինն է:
Ներկա էին գրականագետներ, մշակույթի գործիչներ, բազմաթիվ ընթերցողներ, հյուրեր:
Շնորհանդեսի մեկնարկն ազդարարվեց ակորդեոնի հրաշագեղ հնչյունների ներքո՝ Գևորգ Գասպարյանի կատարմամբ:
Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան բանաստեղծ, իմաստասեր Սուրեն Գրիգորը, դրամատուրգ Գևորգ Շահինյանը, ռեժիսոր Աշոտ Սարգսյանը, բանաստեղծ, արձակագիր Լիանա Գալստյանը և այլք:
Նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանը, խոսելով հեղինակի բանաստեղծությունների մասին, նշեց, որ նրա պոեզիան պատկերային է, գունավոր, կարդալիս զգացվում է գույնը, վիճակը, սառնությունը, տաքությունը և ավելացրեց. «Եթե Շանթը չգրեր, ապա նա անպայման կնկարեր...»:
Հնչեցին հեղինակի ստեղծագործություններից ասմունքողներ Աննա Կոստանյանի, դերասանուհի Գայանե Սամվելյանի և երեկոյի հանդիսավարի՝ հաղորդավար, դերասանուհի Անուշ Գալստյանի ընթերցմամբ:
Երեկոն ամփոփեց հեղինակը.
-Կյանքն ամենահրաշք պոեզիան է, որ երբևիցե Աստված մատուցել է մեզ... Բնությունը ամենահրաշք պոեզիան է, որ հարկավոր է տեսնել, ճանաչել ու լսել նրան...

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են