Շրջայց Իսահակյանի գրադարանում


    Փետրվարի 17-ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Իսահակյան գրադարանը հյուրընկալեց ՀՊՄՀ թիվ 57 հիմնական դպրոցի 2-րդ դասարանի աշակերտներին` դասղեկ Աննա Գրիգորյանի ուղեկցությամբ: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան գրադարանից օգտվելու կանոններին, իրականացվող աշխատանքներին, տեղեկացվեցին կազմակերպվող դասընթացների մասին: «Ամերիկյան կենտրոն» բաժնում աշակերտներին սիրով դիմավորեց բաժնի պատասխանատու Նելլի Խաչատրյանը: Նա ծանոթացրեց նորագույն տեխնիկային՝ եռաչափ տպիչին, եռաչափ գրիչին և ցույց տրվեց, թե ինչպես կարելի է այդ սարքերի միջոցով ստանալ տարբեր առարկաներ. պատրաստված առարկաները նվիրվեցին երեխաներին: ԿԳ-ի «Մանկական գրականության բաժնում» նրանց դիմավորեց դերասանուհի, հեքիաթասաց Գայանե Սամվելյանը: Երեխաներն անակնկալ մատուցեցին գրադարանին՝ մեկտեղելով բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան, գիրք նվիրելու և մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված տոները: Արտասանեցին Թումանյանի «Թմկաբերդի առում» պոեմից հատվածներ և խոսեցին վերոհիշյալ տոների մասին: Ապա Գայանե Սամվելյանը ընթերցեց Թումանյանի «Հսկա» բալլադը, և խաղացին հայկական ժողովրդական խաղ՝ «Հանելուկախաղ»: Այնուհետև հետաքրքիր երկխոսություն ծավալվեց դերասանուհու և աշակերտների միջև՝ նրանց սիրած մասնագիտությունների մասին: Որից հետո աշակերտները գրանցվեցին «Մանկական գրականության բաժնում»՝ համալրելով գրադարանի ընթերցողների ցանկը և ստացան ընթերցողական տոմսեր: Վերջում բաժնի վարիչ Արմինե Պետրոսյանը դասղեկին և աշակերտներին հանձնեց նվերներ ՝ գրքի և էջանշանի տեսքով` դասարանական գրադարանը համալրելու համար:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են