Վահէ Լոռենցի«Հայոց տաճարը»գրքի շնորհանդես


    «…Տարբեր ժամանակներում հայերն ունեցել են երեք նոր տարի, որոնք կոչել են Նավասարդ, Ամանոր կամ Կաղանդ: Այս տոները տարբեր ժամանակներում նշվել են տարբեր օրեր՝ մարտի 21, օգոստոսի 11, հունվար: Հնուց ի վեր հայերն եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ծիրանենի, ձիթապտղի կամ խնկի ծառ…
Ամանորյա ավանդական մաղթանքներն այսպիսին էին՝
Տունը շեն լինի,
Բարաքյաթ լինի,
Միշտ ջոմարդ լինենք,
Մեզ էլ միշտ հիշեք,
Շնորհավո՛ր նոր տարի:
Լիքը հորեր շատ ունենաք,
Կարմիր օրեր շատ ունենաք,
Կարմիր օրով, կարմիր շորով,
Ուրախ կենաք միշտ կուշտ փորով…»
Վերոնշյալ հատվածը պատմաբան, գրող-հրապարակախոս Վահէ Լոռենցի «Հայոց տաճարը»գրքից է, որի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 16-ին Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում: «Հայոց տաճարը»գիրքն ազգային տոնածիսական համակարգի և հայոց հին դիցարանի մասին է: Հանդիսությանը ներկա էին գրականագետներ, ուսանողներ, հասարակական և մշակույթի գործիչներ, բազմաթիվ ընթերցողներ: «…Վահէ Լոռենցը մեր անցյալի ու ներկայի ազգային արժեքներին նայում է և՛ իբրև սթափ պատմաբան, և՛ իբրև այդ արժեքներն իր հոգում ունեցող նվիրյալ հայ, ում համար Թոնիրը Արևն է երկրի վրա, ում համար սրբատեղի է Սոսյաց անտառը, և ինքը Կենաց ծառերին նվերներ ու զոհաբերություններ է մատուցում իր կենսական էներգիայից… Իր համար Հայոց Ծիրանենին նաև պատմական հիշողություն է, որի ծիրում ինքը Հին աստվածների բագինների առջև երգում է Անահիտի, Աստղիկի, Նանեի, Միհրի, Վահագնի, Տիրի և մյուսների նախաէպոսային իրական առասպել-հիմները՝ իբրև Ուժի ու Գեղեցիկի փառաբանություն…»
Վրեժ Սարուխանյան
Գրող, հրապարակախոս
« …«Հայոց տաճարը»-ը, ազգային ծիսական ավանդույթները կործանումից փրկելուց, Հայոց պատմությունը զանազան խեղաթյուրումներից սրբագրելուց զատ, պարունակում է նաև մշակութային և կենցաղային բազում հետաքրքրաշարժ տեղեկություններ, որոնց իմացությունը ոչ միայն անհրաժեշտ, այլև օգտակար կլինի նույնիսկ տնային տնտեսուհիների համար: Քանի որ հեղինակին հիմնականում հաջողվել է վերհանել և մեզ մատուցել մերը՝ Հայկականը, ցանկալի է, որ նա շարունակի իր այս գործունեությունը և ապագայում նոր, ավելի ծավալուն աշխատություններով, առավել ընդգրկուն ու մանրամասն անդրադառնա ազգային տոնածիսական համակարգի բացահայտմանը…»:
Արսեն Համբարյան
Գրող, երգահան
Հանդիսության մեկնարկն ազդարարվեց գրքի գինեձոնման արարողակարգով, որն իրականացրեց Արսեն Համբարյանը…
Ողջույնի խոսքով հանդես եկավ Վահէ Լոռենցը, ով խոսեց հայ ազգային ավանդույթների տոնածիսական համակարգի պահպանման և այն գալիք սերունդներին փոխանցելու անհրաժեշտության մասին և հորդորեց. «Օտար տոներ տոնելու փոխարեն մենք կարող ենք նշել մերը՝ հայկականը… Ինչու՞ «Հալլոին» և ոչ՝ «Բարեկենդան»…»:
Հին հայկական դիցաբանության մեջ դպրության, պերճախոսության, գիտությունների ու արվեստների Տիր Աստծուն նվիրված հեղինակային երգի կատարմամբ` ներկաներին ողջունեց Արսեն Համբարյանը, իսկ Սայաթ-Նովայի ստեղծագործության կատարմամբ՝ թառահար Միքայել Ոսկանյանը: Ելույթով հանդես եկան գրքի խմբագիր Նաիրա Աբրահամյանը, «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ»ՀՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը, Վրեժ Սարուխանյանը և այլք:
«Վահագն» ռազմա-հայրենասիրական, բարեգործական կազմակերպության նախագահ Մորուք Կարո Կարապետյանը շնորհավորելով հեղինակին՝ պարգևատրեց «Վահագն» ոսկե մեդալով:
…Մենք մեզ հայ ենք կոչում, օտարները՝ արմեն՝ արի մարդ, արարված մարդ…/>

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են