Ռոբերտ Եսայանի «Քաոս և Լույս» գրքի շնորհանդես


    …Ինձ աչքով է անում ճանապարհը հույսի,
Որպես օազիսն Անհայտի:
Ներշնչանքի տարածքից հոսում է աղբյուրը ոգու:
Տիեզերքի հայացքը ալպիական բույն է,
որ հենվել է գագաթին Մասիսի
և արարվո˜ւմ է աշխարհի Սկիզբը…
Աստվա˜ծ…
Ռոբերտ Եսայան
Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում դեկտեմբերի 13-ի առավոտը լի էր պոեզիայով… Ընթերցասեր հասարակայնությունը հավաքվել էր ողջունելու բանաստեղծ Ռոբերտ Եսայանի՝ քնարական զեղումներով, փիլիսոփայական հայեցողությամբ, բնապաշտությամբ լի պոեզիայով հագեցած, «Քաոս և Լույս» գրքի շնորհանդեսը: Հանդիսությանը ներկա էին գրականագետներ, հասարակական և մշակույթի գործիչներ, Արցախի Հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչներ և այլք:
«…Սիրելիդ իմ Ռոբերտ Եսայան ինչ-որ կարեւոր բան էի փնտրում եւ քրքրում էի խառնիխուռն գրքերս ու թղթերս եւ նրանց մեջ գտա քո բանաստեղծությունների գիրքը՝ «Նժարը»: Հիմա, երեւվի մեծ ուշացումով, գիրքդ կարդացի անկեղծ հիացումով եւ պիտի ասեմ, որ քո «Նժարը» թերեւվս ամենից ծանր է կշռում իմ ընթերցած շատ բանաստեղծական գրքերի համեմատ… Դու իսկական բանաստեղծ ես.-ոչ միայն տաղանդավոր, այլեւ շատ ու շատ կողմերով ավելի ուժեղ, քան մեր բազմաթիվ «մոդեռն» համարվող բանաստեղծները, քանզի քոնը անգլերենից կամ ֆրանսերենից արտագրված մոդեռն չէ, այլ իսկական, միայն քեզ պատկանող մոդեռն… Եվ եթե այսօր մեկն ուզենա թվարկել մեր այսօրվա տաղանդավոր բանաստեղծներին, ապա դու անկասկած պիտի լինես նրանց շարքում:
Ի սրտե շնորհավորում եմ քեզ եւ սպասում քո նոր գրքերին… »:
Գեւորգ Էմին
1996թ. սեպտ. ք. Երեւան
Բանաստեղծ Արտաշես Ղազարյանը շնորհավորելով հեղինակին նշեց.- «Ռոբերտ Եսայանի ստեղծագործություններում որևէ պատահական, հենց այնպես գրված տող չկա… Նրա և համանման պոեզիան ու արվեստը գալիս են ասելու, որ հայ ազգը հաղթելուց բացի ուրիշ ճանապարհ չունի…»:
Հաջորդիվ հեղինակին ողջունեցին և նրա գրական գործունեության վերաբերյալ դրվատանքի խոսքեր հղեցին բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ, «Մշակույթի հայակական ֆոնդի» նախագահ Արևշատ Ավագյանը, գրող, հրապարակախոս, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանը, բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը, գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ Թորոս Թորանյանը, բանաստեղծ, արձակագիր, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը, բեմադրիչ, ԼՂՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանը, կինոգետ, կինոդրամատուրգ Սերգեյ Գալստյանը:
Երաժշտական կատարմամբ ներկաներին ողջունեց երգիչ, երգահան Արսեն Համբարյանը:
Հանդիսությունն ամփոփելով հեղինակը շնորհակալություն հայտնեց ներկաներին և տեղեկացրեց, որ իր նախորդ գրքերի շնորհանդեսները տեղի են ունեցել Արցախում, իսկ Երևանում շնորհանդես ունենալը կարծես երազանք է եղել, որն այսօր իրականություն է դարձել…:
Ներկաները հեղինակի ստեղծագործություններից հատվածներ ունկնդրեց ցերեկոյի հանդիսավար դերասանուհի Գայանե Սամվելյանի ընթերցմամբ…
…Բանաստեղծը ծնվու˜մ է կյանքի և վաղվա միջև,
երբ բացում ես լռությունը և կարդում երազը,
(կյանքը թերևս կասեցու՛մն է փառքի ու ճանաչման),
ներշնչանքից հորդում է մտքերի օազիսը,
մահը բևեռների միջև բացվող մի ծաղիկ է
կամ մի հայելի՝ դրված ճակատագրի առջև,
իսկ Անհայտը երազանքի չըմբռնվո˜ղ խաղիկ է,
բանաստեղծը ծնվու˜մ է կյանքի և վաղվա միջև…:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են