Գրքերի շնորհանդես


    XX դարասկզբի մեծանուն պարսիկ արձակագիրների՝ Մոհամադ Ալի Ջամալզադեի, Սադեղ Հեդայաթի, Սադեղ Չուբաքի, Ջալալ Ալե Ահմադի, Մոհամադ Հեջազիի, Ղոլամ Հոսեյն Սաեդիի, Մահմուդ Դովլաթաբադիի, Հուշանգ Գոլշիրիի և այլոց ստեղծագործությունները տեղ են գտել թարգմանչուհի Էմմա Բեգիջանյանի «Քարի այգի» և «Ինչու՞ էր ծովը փոթորկվել» ժողովածուներում: Գրքերի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 8-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում:
«…Էմմա Բեգիջանյանի թարգմանությունները կատարված են մասնագիտական վարպետությամբ: Դրանք իրենց մեջ կրում են թարգմանչի գեղագիտական ճաշակի և խոհեմ զգայականության արտացոլումը: Իր թարգմանություններում Է. Բեգիջանյանը հավատարիմ է մնացել ստեղծագործությունների ժողովրդական, խոսակցական լեզվի՝ ազգային կոլորիտով հագեցած շարադրանքի նրբություններին… »:
Լիլիթ Սաֆրաստյան
/Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ/
ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանի կարծիքով հայ և իրանական գրական, բանաստեղծական մտածողությունները նման են միմյանց… Իրանի արդի գրականության, Էմմա Բեգիջանյանի թարգմանչական գործունեության մասին ելույթներով հանդես եկան գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Սաթենիկ Ավետիսյան, արձակագիր, ազատամարտիկ, գրող-հրապարակախոս, ինչպես նաև գրքի խմբագիր Հովիկ Վարդումյանը, գրող, բանաստեղծ, թագմանիչ, հրապարակախոս Լևոն Բլբուլյանը, Սեդա Դավթյանը, Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանը և այլք: Երաժշտական կատարումով հանդիսատեսին ողջունեց երգիչ, երգահան Արսեն Համբարյանը:
Էմմա Բեգիջանյանն՝ ամփոփելով շնորհանդեսը, նշեց որ թարգմանություններ է կատարել նաև հայերենից-պարսկերեն:
Հանդիսությունը վարեց դերասանուհի Գայանե Սամվելյանը, ում ընթերցմամբ ներկաներն ունկնդրեցին հատվածներ ժողովածուներում տեղ գտած ընտրանուց:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են