Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Համաստեղի մահվան 50-ամյակին


    Նոյեմբերի 28-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված սփյուռքահայ արձակագիր Համաստեղի մահվան 50-ամյակին: Ներկա էին ընթերցողներ, գրականագետներ, հոգևոր դաշտի ներկայացուցիչներ, լրագրողներ և հյուրեր:
Հուշ-ցերեկույթի բանախոսը բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտ Խաչատրյանն էր:
Ներկաներն ունկնդրեցին հատվածներ Համաստեղի պատմվածքներից՝ բժիշկ, արևմտահայ և սփյուռքահայ գրականության գիտակ Կամո Տեր-Պետրոսյանի յուրօրինակ ընթերցմամբ:
«Սփյուռքահայ գրականությունը հայի՝ փորձություններով լի ճակատագրի արգասիքն է, սակայն այն դուրս է գալիս հայ գրական շրջանակներից և հարստացնում համաշխարհային գանձարանը, երբ խորիմաստ ասելիք է ունենում… Համաստեղի դառը կենսագրությունը դարձել է գրականություն, ցավից ծնված ստեղծագործությունն էլ, թերևս, ներգործության հզոր ուժ ունի: Բազմաժանր հեղինակ է Համաստեղը, նա սեղմ ծավալի ասելիքը բանաձևող վարպետ է, մարդուն ափի մեջ տեսնող՝ վառ անհատականություն… Ճակատագիրը Համաստեղին կտրեց հայրենիքից, բայց ո՛չ հայ տեսակից…»,-իր խոսքում նշեց ԵՊՀ –ի դասախոս, դոցենտ Կարինե Միքայելյանը:
Հեղինակի գրական գործունեության և նրա մասին պատմող հուշերով հանդես եկան բանաստեղծուհի Գոհար Գալստյանը, սփյուռքահայ գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ Թորոս Թորանյանը, նարեկագետ Աշոտ Պետրոսյանը և այլք:
Երաժշտական կատարմամբ ներկաներին ողջունեցին երգիչ, երգահան Արսեն Համբարյանը և ուսանողուհի կիթառահար Թամարա Աթանեսյանը:
Հուշ-ցերեկույթի բանախոսը՝ ամփոփելով միջոցառումը, ընթերցեց իր «Բաց նամակը Համաստեղին» …

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են