Տիգրան Նիկողոսյանի «Ցավի և սիրո բացիկներ» գրքի շնորհանդես


    «…Գարունը մնաց հովտում: Ալիքի պես սահեց-անցավ ծաղկած ծիրանենիների բույրը, բայց գետի պղտոր ջրերն այդ բույրից որպես հիշատակ անդարձ անցնող օրվա՝ մի ափ, այնուհանդերձ, հասցրին վերցնել: Առափնյա քերծերին վայրի սալորենիները մի ոտնաչափ հող էին գտել և կապտամանուշակագույն իրենց հանդերձների մեջ մի քիչ ահով, մի քիչ կարոտով էին նայում հովտի անցուդարձին, հեռվում նշմարվող լեռներին, ուր նոր միայն սկսվում էր ձնծաղիկների ծաղկահանդեսը…»:
Հատվածը՝ արձակագիր, «Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր, ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ, ՀՀ վաստակավոր ժուռնալիստ Տիգրան Նիկողոսյանի «Ցավի և սիրո բացիկներ» գրքից էր: Ժողովածուի շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 18-ին՝ Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի լեփ-լեցուն դահլիճում: Հեղինակի հետ հանդիպմանը ներկա էին Ազգային ժողովի պատգամավորներ Մկրտիչ Մինասյանն ու Արայիկ Հովհաննիսյանը, Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Գագիկ Ոսկանյանը, ԵՊՀ-ի Ֆինանսատնտեսագիտական քոլեջի պատվիրակությունը, Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղից վաստակաշատ ուսուցիչ Մեխակ Ավետիսյանը, նույն գյուղի Ս․ Մակարյանի անվան թիվ 1միջնակարգ դպրոցի տնօրենը, Երևանի թիվ 50 հիմնական դպրոցի տնօրեն Սոս Վարդանյանը, նույն դպրոցի փոխտնօրեն Անժելա Հովհաննիսյանը, Գարեգին Նժդեհի անվան թիվ 161, Ա. Սախարովի անվան թիվ 69 հիմնական, Վ. Համբարձումյանի անվան թիվ 12 հիմնական, թիվ 171 հիմնական դպրոցների տնօրենները, բանաստեղծ, արձակագիր, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը, հրապարակախոս, պատմաբան Գևորգ Յազըճյանը, բազմաթիվ ընթերցողներ, հեռուստա և ռադիո լրագրողներ, մշակույթի գործիչներ: «Ցավի և սիրո բացիկներ» ժողովածուի պատումները ներքին մեկ ընդհանրություն ունեն և լրացնում են միմյանց՝ վերածվելով յուրօրինակ զրուցաշար-վիպակի՝ «փոքրերի մասին՝ մեծերի համար» ենթավերնագրի ներքո հուշելով հեղինակի մտորումների գլխավոր ուղղվածությունը… Հեղինակի ստեղծագործական գործունեության վերաբերյալ գնահատանքի խոսքերով հանդես եկան բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյանը, բանախոս-գրականագետ, բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Լյուդվիգ Կարապետյանը և այլք:
Ներկաներին փոքրիկ բեմադրությամբ ողջունեցին թիվ 50 հիմնական դպրոցի սաները: <<Հայաստան>> հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը, ով նաև հանդիսանում էր «Ցավի և սիրո բացիկներ» գրքի խմբագիրը, հանձնարարեց բոլոր դպրոցականներին՝ չորրորդ դասարանից մինչև տասներկուերորդ, ընթերցել ժողովածուն, որպեսզի նրանք, որպես նոր սերունդ, վերգտնեն այն արժեքները, որոնք դարեր ի վեր պահել ու պահպանել են մեր նախնիք…
-Գիրքը հետաքրքիր է այն առումով, որ ստեղծում է ուղիղ կապ մեր նախնյաց հետ, նրանց հետ, ովքեր ստեղծել են մեր ազգային գաղափարաբանությունը…
Գիրքը բոլոր կողմերով շահեկան է. շատ շերտեր ունի՝ հոր խոսքը, մայրական քնքշությունը, ի՞նչ է հայրենիքը…
Ժողովածուի մեջ հիշատակվում են ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների անունները…, - նշեց գրքի խմբագիրը:
Լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր Լալիկ Խաչատրանը՝ շնորհավորելով հեղինակին գրքի ծնունդի առիթով, նշեց.-
-Այս աշխատանքի հիմքում դրված է հավատքը, քրիստոնեական դավանանքը: Հեղինակը և՛ պատմիչ է, և՛ գրող, և՛ բանաստեղծ, և՛ զրուցակից ու մասնակից…:
Միջոցառման ավարտին շնորհակալական և ամփոփիչ խոսքով հանդես եկավ Տիգրան Նիկողոսյանը:
Ցերեկոն վարում էր դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են