Վրեժ Սարուխանյանի «Տարոնականչ» գրքի շնորհանդես


    Նայեք մեր հեռավոր ու լուսավոր անցյալին և ամենաթանձր մութի մեջ էլ Լույսը կնկատեք… Լույսը տեսնում է նա, ով լույսի տեր է եղել, ճանաչում է ու փնտրում: Ուրեմն՝ բոլորս Լույսի ճամփորդ ենք… Թող Տարոնականչով ու Վահագնականչով բարի լինի Հայոց ճամփան…
Վրեժ Սարուխանյան
«Տարոնականչ»-ը գրող, հեռուստալրագրող, հասարակական գործիչ Վրեժ Սարուխանյանի նախորդ գրքի՝ «Էրգրականչի» թեմատիկ ու գաղափարական շարունակությունն է: Ժողովածուի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 19-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի լեփ-լեցուն դահլիճում: Ներկա էին գրականագետներ, ընթերցողներ, երաժիշտներ, հեռուստալրագրողներ, ինչպես նաև «Հայկական 2-րդ», «Հայկական 3-րդ», «Միր» հեռուստաընկերությունների, Հանրային ռադիոյի, «Ժողովուրդ» և «Առավոտ» օրաթերթերի, «Կրթություն» շաբաթաթերթի ներկայացուցիչներ և այլոք: Հայոց ճակատագրի ծանր դրվագներից է ծնվել «Տարոնականչ» ժողովածուն, որի հերոսները հին ու նոր գոյապայքարի ֆիդայի-զինվորներն են, քարանձավներում ու արյունոտ ճամփեքին գաղթական ռանչպարները… Նրանցից շատերը խորհրդային տարիներին դարձան «ժողովրդի թշնամի», հասան նույնիսկ Սիբիր…
Ամենածանր վիճակում էլ նրանք չեն կորցնում իրենց հոգու վեհությունը, մարդկային բարձր արժանիքները՝ հույսի ու հավատի խանձարուրում փայփայելով վրեժի զգացումը…
Երեկոն մեկնարկեց Վրեժ Սարուխանյանի <<Էրգիր>> ֆիլմի ցուցադրությամբ:
Երգն ու պարը ուղեկցել են հային նաև կռվի ժամանակ… «Տարոնցիներ» ազգագրական երգի-պարի համույթի ելույթը ներկաների ոգին տակնուվրա արեց… -Դրախտը Տարոն աշխարհում է եղել,- իր խոսքում նշեց «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ»ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը,- որերորդ սերունդը լինելով՝ պահում ենք երկրականչի, տարոնականչի կարոտը և այսպիսի օրերով նաև մեր երեխաների, թոռների մեջ պիտի պահենք այդ կարոտը, այլապես երբևիցե չենք կարող ասել, որ Տարոն աշխարհը դա աշխարհի սկզբնամասն է եղել… Եղել է դրախտի սկիզբը, Մհերի դռան վայրը, որտեղից սպասում ենք Ագռավաքարի բացվելուն… մինչև այսօր էլ սպասում ենք…: Հաջորդիվ ելույթով հանդես եկան բանաստեղծ, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, գրող, հրապարակախոս Ռոլանդ Շառոյանը, գրող հրապարակախոս Անդրանիկ Ավետիսյանը, գրող, հրապարակախոս Դավիթ Սարգսյանը, հեռուստալրագրող Արփեն Մովսիսյանը, գրող, լրագրող Հովհաննես Սարոյանը և Անահիտ Դանիելյանը:
Սասնա ոգով պարուրված երաժշտական կատարումներով ներկաներին ողջունեցին երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանը, աշուղ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ռազմար Սասունցին և երգահան, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ գուսան Հայկազունը:
«Վահագն» ռազմա-հայրենասիրական, բարեգործական կազմակերպության նախագահ Մորուք Կարո Կարապետյանը շնորհավորելով հեղինակին՝ պարգևատրեց «Վահագն» ոսկե մեդալով:
- Վրեժը իմ գաղափարի մարտական ընկերն է …,- նշեց Մորուք Կարոն:
Ներկաներն ունկնդրեցին «Տարոնականչ» ժողովածուից հատվածներ երեկոյի հանդիսավար, դերասանուհի Գայանե Սամվելյանի ընթերցմամբ: Հեղինակն ամփոփիչ խոսքում նշեց. «Իմ հերոսները հորինված մարդիկ չեն, նրանք իրական կյանքի մարդիկ են… »։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են