Հանդիպում ՝ կոմպոզիտոր, դիրիժոր, գրող Հենրիկ Անասյանի հետ


    Հոկտեմբերի 13-ին վաղ առավոտից Իսահակյան գրադարանում ‹‹Անասյանական›› մթնոլորտ էր տիրում. ճեմասրահում հնչում էին մաեստրոյի ստեղծագործությունները, կազմակերպվել էր Անասյանի գրական ստեղծագործությունների ցուցադրությունը, իսկ երեկոյան սպասվում էր հանդիպում՝ կոմպոզիտոր, դիրիժոր, գրող, հասարակական գործիչ Հենրիկ Անասյանի հետ:
-Մաեստրոն մաեստրո է՝ երաժշտություն գրի, թե գրական գործ, խմբավար լինի, թե ... կարևորը, որ նա միշտ փայտիկը ձեռքին է պահում, իր փայտիկը՝ ուրիշինը նրա ձեռքում շուտ կոտրվել էր, ուրիշի բաճկոնը մեկ ժամ իսկ չվայելած կորել էր, ամեն ինչ Անասյանական և անխառն պիտի լինի,- Արտեմ Սարգսյանի այս գեղեցիկ բնորոշմամբ երեկոյի հանդիսավարը՝ դերասանուհի Գայանե Սամվելյանը, մեկնարկեց հանդիսությունը: ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը՝ ողջունելով ներկաներին, փաստեց, որ Հայաստանում մշակութային աշուն է՝ կապված ՀՀ անկախության 25-ամյակի, Թարգմանչաց տոնի առթիվ և Իսահակյան գրադարանն էլ փորձում է օգտագործել այդ գեղեցիկ առիթները և մեր մշակութասեր հասարակայնությանը ծանոթացնել՝ սփյուռքից ժամանած մտավորականների, մշակույթի լավագույն գործիչների հետ: Այնուհետև շնորհավորեց ներկաներին՝ Հենրիկ Անասյանի ներկայությունը վայելելու համար և մեջբերեց մաեստրոյի խոսքերը,- ‹‹Հայաստանն ինձ համար նոր թռիչքների, արարումների հիմնական աղբյուրն է: Ես Հայաստանի հողից ու ժողովրդից եմ ուժ ստանում, որպեսզի հարստացնեմ իմ երգացանկը: Ինձ համար Հայաստան գալը նման է աղոթքի››:
Մաեստրոն, ողջունելով ներկաներին, նշեց, որ Ավետիք Իսահակյանի անունը սուրբ անուն է եղել իրենց ընտանիքի համար և ճակատագրական դեր է ունեցել, և նա իր պարտքն է համարել այս երեկոն անցկացնել, հատկապես, այս հարկի տակ: Իսահակյանի և Արշակ Չոպանյանի միջնորդությամբ Հենրիկ Անասյանի հայրը՝ Հակոբ Անասյանը, 1936 թվականին հայրենադարձվել է Հայաստան: Եվ առաջին ստեղծագործությունը, որ ունկնդրեցին գրված էր Մեծ Վարպետի՝ ‹‹Իմ Արազ›› բանաստեղծության հիման վրա: Հաջորդիվ Անասյան երաժշտագետին, նրա որդիներին՝ դիրիժոր, ջութակահար Արմեն Անասյանին, երգիչ, տենոր Արամ Անասյանին, հանգամանալից ներկայացրեց Երևանի պետական կոնսերվատորիայի ազգային երգեցողության բաժնի դասախոս, դոցենտ Մարգարիտ Շահինյանը: Այնուհետև պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ-ի դոկտոր, ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ և Անասյան ընտանիքի մեծ բարեկամ Վլադիմիր Բարխուդարյանը, որը բարեբախտություն է ունեցել աշխատելու պատմաբան, բանասեր, աղբյուրագետ, մատենագետ, ձեռագրագետ, պատմական գիտությունների թեկնածու, Լա Վեռնի միջազգային քոլեջի պատվավոր դոկտոր, Հակոբ Անասյանի հետ: «Հակոբ Անասյանը խոր նվիրվածություն է ունեցել հայագիտության նկատմամբ, և անգամ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ՝ Ռումինիայում, գերության մեջ նշանակվել է գերիների գրադարանի աշխատող և այդ ընթացքում գրել է հայագիտությանը նվիրված գիտական հոդված, մեջբերեց նաև, որ աշխատելու ընթացքում սիրել է ցածրաձայն երգել և փաստեց, որ այս ընտանիքում հայրենասիրությունը և սերը երաժշտության հանդեպ ժառանգական բնույթ է կրում, և գերդաստանը պահպանում է այն, ինչ բնությունն է տվել: Այսօր նման մարդիկ սակավ են, որոնք միացնում են հայրենիքը և սփյուռքը: Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը հիշատակեց , որ պատիվ է ունեցել ճանաչելու՝ Անասյան ընտանիքի ակունքը և չգերազանցված գիտնական Հակոբ Անասյանին, ով իր համար եղել է անհպելի անձնավորություն, և ոււրախ է, որ ծանոթացել ու մտերմացել է Հենրիկ Անասյանի հետ: Նա նշեց, որ Անասյանները հակադրվում են իրենք իրենց, քանի որ ‹‹անասյան›› նշանակում է չխոսող, չարտահայտվող, մինչդեռ նրանք երգով, երաժշտությամբ, գիտական խոսքով բացվեցին հայոց աշխարհի առաջ: Սուրեն Դանիելյանը շնորհավորեց մաեստրոյին՝ Հայաստան գալու կապակցությամբ, նշելով, որ նա նույնիսկ չի էլ գնացել Հայաստանից, իսկ եթե գնացել է, ուրեմն Հայաստանն է տարել իր հետ: Ապա ողջունեց Մարիետա Անասյանին՝ Հենրիկ Անասյանի տիկնոջը, ում թովիչ ձայնը վայելել է ինչպես Էջմիածնի Մայր տաճարում, այնպես էլ ԱՄՆ-ում:
Հենիկ Անասյանը նշեց, որ իր համար սկզբունք է եղել, օտարության մեջ ժողովրդական երգի վարկը բարձրացնելը, որ տասնամյակներ շարունակ խեղված է եղել մեր ժողովրդի տրամաբանության մեջ: Նա սկսել է ժողովրդական երաժշտությունը մշակել հատկապես երգչախմբերի և սիմֆոնիկ նվագախմբի համար, այն մտայնությամբ, որպեսզի եվրոպականացնի և համաշխարհային բեմ կարողանա բարձրացնել մեր ժողովրդական երաժշտությունը: Ողջույնի խոսքով հանդես եկավ երաժիշտ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը, ով պատմեց Անասյան ընտանիքի հետ իր 20-ամյա բարեկամության մասին: Այնուհետև, մաեստրոյին մաղթելով քաջ առողջություն, երկար տարիների կյանք, ընթերցեց Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի երաժշտության ամբիոնի ուղերձը՝ ուղղված Հենրիկ Անասյանին: Ողջ երեկոյի ընթացքում ներկաները դիտեցին մաեստրոյի տարբեր տարիների ստեղծագործությունների տեսաձայնագրությունները և ունկնդրեցին Անասյանի գրական ստեղծագործությունները՝ դերասանուհի Գայանե Սամվելյանի ներկայացմամբ:
Հենրիկ Անասյանը երեկոյի ավարտին շնորհակալություն հայտնեց հյուրերին, իր վաղեմի բարեկամներին, գրադարանի տնօրինությանը և Անդրեյ Տարկովսկու խոսքերով էլ ավատեց այս գեղեցիկ երեկոն. ‹‹Հեռանալիս լույս թողեք, թող այդ լույսը լինի ջահի լույս, լամպի լույս, թեկուզ և մոմի լույս, բայց լույս լինի: Եթե մի արվեստագետ՝ գրող, երաժիշտ հեռանում է առանց լույս թողնելու, նրան ոչ ոք չի հիշի: Լույսը նորարարությունն է արվեստում՝ գրականության և երաժշտության մեջ… Եթե ես առ այսօր, ութսունիս նախօրյակին մի փոքր լույս եմ թողել. ուրեմն իզուր չեմ ապրել››:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են