Լիպարիտ Սարգսյանի գրքերի շնորհանդես


    Հոկտեմբերի 5-ին Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճը կրկին լեփ-լեցուն էր․ընթերցասեր հասարակայնությունը հավաքվել էր ողջունելու բանաստեղծ, արձակագիր, մանկագիր Լիպարիտ Սարգսյանի նոր «Արդար ճանապարհ» և «Տառապանքի լույսը» գրքերի շնորհանդեսը։ Ներկա էին մտավորականներ, գրականագետներ, աշակերտներ, հեղինակի ընկերները և հյուրեր։
«Արդար ճանապարհ» ժողովածուն ամփոփում է հեղինակի վերջին տարիներին գրած բանաստեղծությունները․ ութնյակները, տրիոլետներն ու քառյակները, որոնց մի մասը տպագրվել է մամուլում։ «Տառապանքի լույսը» տարբեր տարիների մամուլում հայ դասական և ժամանակակից գրողների և նրանց գրքերի մասին տպագրված հոդվածները, գրախոսականները, հոբելյանական առիթներով ունեցած ելույթները։ Առանձին բաժիններով ներկայացված են հեղինակի հարցազրույցները և նմուշներ նրա գրքի մասին գրված կարծիքներից։
Հանդիսության մեկնարկն ազդարարվեց «Լոռվա ձոր» կամ «Մենախոսություն․․․ հողի, մարդու և աշխարհի հետ» վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ, որը նվիրված էր Լիպարիտ Սարգսյանին։
Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ «Ավ․Իսահակյանի անվան ԿԳ»ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, ով հեղինակին իր մեծ խորհրդատուն և ուսուցիչը համարելով շնորհավորեց ուսուցչի տոնի առթիվ։ Հաջորդիվ հեղինակին ողջունեցին և շնորհավորանքներ հղեցին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, «Հայկական հանրագիտարան հրատարակչության» գլխավոր խմբագիր, տնօրեն քիմիական գիտությունների դոկտոր Հովհաննես Այվազյանը, ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Գառնիկ Շախկյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Լյուդվիգ Կարապետյանը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանը, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը և այլոք․․․ Երաժշտական կատարումներով հանդես եկան գրող, երգիչ, երգահան Արսեն Համբարյանը և Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցի սաները։ Հեռուստալրագրող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանն իր ելույթում նշեց
․ -Ժողովածուն երևի թե մի փոքրիկ հանգրվան է, շատ վաստակած մեծ բանաստեղծի համար և նա փորձում է այդ փոքրիկ հանգրվանների միջոցով շարունակել զարգացնել իր ստեղծագործական ձեռագիրը, իսկ այդ ձեռագիրը անկասկած Լիպարիտ Սարգսյանական է, այդ ձեռագիրը սնման իր հրաշալի աղբյուրներն ունի՝ սկսած թումանյանական պոեզիայից։ Հեղինակը ընդհանրապես թումանյանական պոեզիայի յուրովի շարունակողն է, այդ լեռնաշխարհը ներկայացնողը։ Գրող, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Լևոն Բլբուլյանը համոզմունք հայտնեց, որ հեղինակը սեփական տողերի նման պարզ է, բարեսիրտ ու անմիջական․․
․ Երեկոյի հանդիսավար դերասանուհի Գայանե Սամվելյանի ընթերցմամբ ներկաներն ունկնդրեցին հեղինակի ստեղծագործություններից։ Բանաստեղծ, մանկագիր, երգիծաբան, դրամատուրգ Սուրեն Մուրադյանը նշեց, որ հեղինակի ստեղծագործություններում իշխում են զգացմունքը, անկեղծությունը, երաժշտականությունը․
․․ Իրենց մանկական ջերմությամբ, բանաստեղծի և Լիլիթ Համբարձումյանի հեղինակած երգերի կատարումներով, ներկաներին ողջունեցին «Զատիկ» վոկալ խմբի սաները։
Ամփոփելով շնորհանդեսը՝ հեղինակը շնորհակալություն հայտնեց հնչեցրած բոլոր դրվատանքի խոսքերի համար և ընթերցեց իր ստեղծագործություններից մի քանիսը։ Հանդիսության ավարտին ներկաներն ունկնդրեցին Վարդուհի Խաչատրյանի կատարմամբ երաժշտական ձայնագրություն, որի խոսքերի հեղինակը Լիպարիտ Սարգսյանն է։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են