Հանդիպում Հովսեփ Նալբանդյանի հետ Գյումրիում


    Հոկտեմբերի 4-ին «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ»ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանի և Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի աշխատակից Անգին Ավոյանի ուղեկցությամբ՝ գրականագետ-մատենագետ, թարգմանիչ, ազգային գործիչ, հրապարակախոս, Հայաստանի գրողների միության անդամ, ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգի հայ գրողների միության փոխնախագահ Հովսեփ Նալբանդյանը հյուրընկալվեց Շիրակի մարզային գրադարանում:
Հանդիպման առաջին մասն իրենից ներկայացնում էր շրջայց գրադարանում, որը մեծ ոգևորությամբ և տանտիրոջ հյուրընկալությամբ անցկացրեց գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանը: Պարոն Ամիրյանը ներկայացրեց գրադարանի տարբեր բաժինները, գրականության ֆոնդերը, օպերայի և երաժշտության, ճարտարապետության ու քանդակագործության, կինոարվեստի մասին պատմող գրքային-լուսանկարչական հարուստ ցուցադրությունները...: Շիրակի մարզային գրադարանի այս շենքը կառուցվել է 1895թ.-ին, իսկ գրադարանը այստեղ գործում է 2012թ.-ից:
Երկրորդ մասը անվանի մտավորականի հետ զրույց-հանդիպումն էր: Ներկա էին Հայաստանի գրողների միության Շիրակի բաժանմունքի ներկայացուցիչները՝ նախագահ Անդրանիկ Կարապետյանի ղեկավարությամբ, գրականագետներ, գրադարանավարներ, ընթերցողներ, հյուրեր:
Ներկայացնելով պարոն Նալբանդյանի կյանքն ու գրական գործունեությունը՝ տնօրեն Ամիրյանը նշեց.
-Ձեր նման մարդկանց գոյությունն արդեն ազգապահպանության կարևոր սյուներից մեկն է,- և տեղեկացրեց, որ հեղինակը 27 կտոր գիրք է նվիրել գրադարանին...
Մատենագետի զրույցն ընթացավ համահայկական տարբեր ու հրատապ հարցերի շուրջ: Ըստ նրա կառավարությունները փոխվում են, հայրենիքը՝ մնում: Նա իր պատրաստակամությունը հայտնեց հայրենիքի կողքին գտնվելու և ուժերի ներածին չափով օգտակար լինելու Սփյուռքում հայապահպանության գործին: Ներկաներն ունկնդրեցին ստեղծագործություններ Հովսեփ Նալբանդյանի «Սիրո մատյան» գրքից՝ բանաստեղծուհի Լուսինե Աղաբեկյանի, գրադարանի օտարալեզու գրականության բաժնի գրադարանավարներ Սեդա Գևորգյանի ու Իզաբելլա Ղանդիլյանի, մանկապատանեկան բաժնի գրադարանավար Մարինե Մկրտչյանի ընթերցմամբ:
Հանդիպումն ավարտվեց գրադարանավարներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորանքներով և բարեմաղթանքներով...

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են