Էննո Մեյերի և Արա Բերքյանի գրքի շնորհանդես


    Հոկտեմբերի 3-ը Գերմանիայի դաշնային հանրապետության ազգային տոնն է՝ Գերմանիայի վերամիավորման օրը: Պատահական չէ, որ հենց այսօր է ընտրվել Էննո Մեյերի և Արա Բերքյանի համահեղինակությանբ հրատարակված «Հռենոսի և Արաքսի միջև կամ 900 տարվա գերմանա-հայկական հարաբերություններ» գրքի շնորհանդեսը` Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում: Գիրքը գերմաներենից թարգմանել և հրատարակչության է պատրաստել Արա Բերքյանի այրին` Լիզա Բերքյան-Աբրահամյանը: Գերմանա-հայկական հարաբերությունները նման ընդգրկումով դեռևս չեն ներկայացվել, թեև ունեն շուրջ 900-ամյա պատմություն: Ընթերցողին հրամցվող ներկա աշխատությունը նվիրված է այդ բազմադարյան պատմության մի շարք կարևոր երևույթների, իրադարձությունների և դրվագների: Գիրքը նշանակալի է այն իմաստով, որ հիշատակված առանձին եղելություններ անծանոթ են ընթերցող լայն զանգվածներին:
Գրադարանի դահլիճը կրկին լեփ-լեցուն էր: Տնօրեն Հասմիկ Կարապետյանը ողջունեց հյուրերին՝ ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, ՀՀ Գերմանիայի դաշնային հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մատիաս Քիսլերին, Երևանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանին, ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանին և բոլոր ներկաներին: Լիզա Բերքյանը ներկայացնելով գիրքը՝ շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իր կողքին են եղել և օգնության ձեռք են մեկնել` գրքի ստեղծման գործում: <<Այն կարելի է համարել գիտահանրամատչելի, որն ունի ուսուցողական նշանակություն, հետաքրքիր է թե' մասնագետների, թե' ընթերցողների լայն զանգվածների համար: Աշխատությունը բաղկացած է երկու մասից: Առաջին մասը սկսվում է հայ և գերման ժողովուրդների հարաբերությունների կամ շփումների վաղնջական ժամանակներից և հասնում 1922թ.: Վերջին գլուխները վերաբերում են մեր ժողովրդի պատմության ողբերգական իրադարձություններին` ցեղասպանությանը Գերմանիայի ունեցած դերին: Երկրորդ մասը սկսվում է առաջին համաշխարհային պատերազմից հետո հայերի դառը հիասթափության նկարագրությամբ>>: Գրքի խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Մկր Սարգսյանը իր խոսքում նշեց . <<Գիրքը կարող է սկզբնաղբյուր հանդիսանալ բազմաթիվ ուսումնասիրությունների համար>>:
«Արա Բերքյանը չլինելով պատմաբան ստեղծել է պատմագիտական մեծ արժեք ունեցող աշխատություն, որը մեզ համար մեծ նախահիմք և բազա է հանդիսանում».-իր ելույթում ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին: Գրքի մասին իրենց տպավորությունները կիսեցին և Լիզա Բերքյանին շնորհավորեցին ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, բանաստեղծ Գոռ Հարությունյանը, պատմաբան Խաչիկ Ղազարյանը, պատմական գիտությունների թեկնածու Իրինա Բարսեղյան-Կրպեյանը, լրագրող, հրապարակախոս, սահմանադրական դատարանի մամլո քարտուղար Հովհաննես Պապիկյանը, լրագրող, Արցախի ազատամարտիկ, Լիզա Բերքյանի քույրը` Շուշանիկ Աբրահամյանը , ՀՀ Գերմանիայի դաշնային հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մատիաս Քիսլերը:
Գրքից հատվածներ ընթերցեց դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են