Գոհար Գալստյանի «Նավամատույց» գրքի շնորհանդես


    ...ԵՎ որտեղ որ կյանքն է՝ էնտեղ են սերն ու խնդությունը, որտեղ որ խնդությունն է ու կյանքը՝ էնտեղ էլ վիշտն է ու կորուստները... Հոգին իր երկրային ուղին էդպես է անցնում. ուրիշ կյանք չկա,- չի լինում...-ուրիշը՝ կինո է... Գոհար Գալստյան
Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում սեպտեմբերի 26-ի երեկոն հագեցած էր պոեզիայով: Ընթերցասեր հասարակայնությունը հավաքվել էր ողջունելու բանաստեղծ, արձակագիր Գոհար Գալստյանի յոթերորդ ժողովածուն՝ «Նավամատույց»-ը: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ «Գրական տապան-2016» միջազգային գրական փառատոնի շրջանակներում ՝Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի համագործակցությամբ: Բանաստեղծությունների ժողովածուն, ուր ընդգրկված են հիմնականում վերջին տարիների գործեր և որոշ անտիպներ վաղ շրջանից, կազմված է «Անսկիզբ նավարկություն», «Աննավարկություն», «Ծանր թիեր», «Մոլորակները մոլորվածներ չեն» և «Մակընթաց լեռան նավակողից» խորագրերը կրող բաժիններից: -Գիրքը գրվել է իմ կյանքի շատ մեծ ցնցումների ոչ սովորական հաղթահարումների շրջանում,- ներկայացնելով ժողովածուն՝ նշեց հեղինակը: Բանաստեղծուհու գրական աշխարհի արժեքների, ստեղծագործական գործունեության վերաբերյալ գնահատանքի խոսքերով հանդես եկան «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ»ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, գրող, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը, գրականագետ, թարգմանիչ Հենրիկ Բախչինյանը, թարգմանիչ, արձակագիր, դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Թոփչյանը, «Անդին» ամսագրի երիտասարդական բաժնի խմբագիր, բանաստեղծուհի Անի Տեր-Գուլանյանը, բանաստեղծուհիներ Սուսաննա Հովհաննիսյանն ու Նոնա Պողոսյանը, արձակագիր, հրապարակախոս Ալիս Հովհաննիսյանը, և այլոք: Նրանցից յուրաքանչյուրն ընտրել էր սրտամոտ մի բանաստեղծություն, որոնց ընթերցմամբ էլ ավարտվում էին ելույթները: Քանի որ օրը նշանակալից էր նաև երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ և ուսուցիչ Կոմիտաս Վարդապետի ծննդյան օրվա առիթով, տիկին Կարապետյանն ընտրեց նրան նվիրված բանաստեղծությունը և ցանկություն հայտնեց, որ պոեզիայի այս օրը նվիրվի Կոմիտասի հիշատակին: Շնորհանդեսի հանդիսավարը գրող, կինոգետ, «Գրական տապան» փառատոնի կազմակերպիչներից Դավիթ Մաթևոսյանն էր: Երեկոյի ավարտին ընթերցողները նվեր ստացան գիրքը՝ հեղինակի մակագրությամբ :

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են