Գայանե Աթանեսյանի «Հայ բեմի թագուհին» գրքի շնորհանդես


    … Վարդուհին արտակարգ դերասանուհի է, դերերը չէ, որ բարձրացնում են նրան: Նա ինքն է բարձրացնում դերերը և չի կորացնում ուսերը, որքան էլ ծանր լինի բեռը…
Վարդան Աճեմյան
Արվեստագետի կերպարը առավել ամբողջական է դառնում, երբ գոնե հպանցիկ փոքր անդրադարձ ենք կատարում ապրած տարիներին՝ փոքրիշատե ճանաչելի դարձնելով նաև անցյալի փառքերը, կյանքի լավագույն շրջանի դերերի հաղթարշավը: Սեպտեմբերի 14-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ լրագրող, բանասիրական գիտությունների թեկնածու Գայանե Աթանեսյանի «Հայ բեմի թագուհին» գրքի շնորհանդեսը` նվիրված ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանին: Հեղինակը նկարագրում է դերասանուհու մարդկային կերպարը և նրա ստեղծագործական անցած ուղին: Գիրքը համեմված է հայտնի մտավորականների հուշերով՝ նվիրված դերասանուհուն:
Շնորհանդեսը մեկնարկեց Վարդուհի Վարդերեսյանի կատարմամբ արևմտահայ պոեզիայի ընթերցանության տեսանյութով, որը հանդիսատեսին փոխանցեց մեծ դերասանուհու հոգու ջերմությունը: Բացման խոսքով հանդես եկավ «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ- ի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, որի խոսքին հաջորդեցին պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանի, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Արփեն Մովսեսյանի, գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ Թորոս Թորանյանի, հաղորդավար, ռեժիսոր Կարեն Քոչարյանի, արձակագիր Սուսաննա Հարությունյանի և այլոց հուշ-ելույթները:
Տիկին Վարդուհին հատուկ ակնածանք ու սեր ուներ դուդուկի հանդեպ: Նա դուդուկի մեղեդին համարում էր հայ հոգու աղոթք: Մեծ դերասանուհու սիրելի «Հով արեք» ստեղծագործությունը դուդուկահար Գևորգ Կարապետյանը նվիրեց հայ բեմի թագուհուն:
Հեղինակային երգի կատարմամբ՝ ներկաներին ողջունեց երգչուհի Սիրանույշ Եղիազարյանը:
Գայանե Աթանեսյանն՝ ամփոփելով երեկոն, ասաց, որ գիրքը ստեղծվել է տիկին Վարդուհու ցանկությամբ:
Հանդիսությունը վարում էր արձակագիր, Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Նելլի Շահնազարյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են