ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՆԴԻ ՄՈՒՍԱՆԵՐԸ


    Հուլիսի 29-ին Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին <<Մշակույթի հայկական ֆոնդ>>-ի նախագահ, բանաստեղծ, գեղանկարիչ, թարգմանիչ Արևշատ Ավագյանը և <<Մշակույթի հայկական ֆոնդ>>-ի անդամները: Մինչ միջոցառումը սկսելը, ներկաները դաշնակահարուհի Էլմիրա Մարուխյանի դաշնամուրային մեղեդու հնչյունների ներքո դիտեցին նկարիչ Սերգեյ Պողոսյանի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ Իսահակյան գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը: Նա կարևորեց Իսահակյան գրադարանի և <<Մշակույթի հայկական ֆոնդի>> համագործակցությունը և նշեց, որ <<Մեր դժվարին ժամանակներում նման միջոցառումների կազմակերպումը կոչված է համախմբելու գեղեցիկը սիրող և գնահատող ստեղծագործ հանրությանը>>: Գնահատանքի խոսքով հանդես եկավ գրականագետ Ռոմա Դալլաքյանը. <<Մշակույթի հայկական ֆոդը՝ Արևշատ Ավագյանի ղեկավարությամբ, հսկայական գործունեություն է ծավալում արվեստի տարբեր ոլորտներում և գալիք սերունդների գեղագիտական դաստիարակության համար հյուսում է արվեստի մի գեղեցիկ պատմություն>>: Հաջորդիվ ասմունքով հանդես եկավ բանաստեղծ Սուրամ Անդրանիկը՝ ներկայացնելով իր և Ալբերտ Հովհաննիսյանի հեղինակած բանաստեղծությունները: Այնուհետև իրենց ստեղծագործությունները ներկայացրին <<Մշակույթի հայկական ֆոնդ>>-ի անդամները՝ մուսաները: Երաժշտական կատարումներով ներկաներին ողջունեցին երգչուհի Արմինե Եղիազարյանը՝ ներկայացնելով երգահան Արտուշ Փարսադանյանի և իր հեղինակային ստեղծագործությունները, և գրող, երգիչ, երգահան, ճարտարագետ Արսեն Համբարյանը: Միջոցառման ավարտին Իսահակյան գրադարանին և ներկաներին շնորհակալական և երախտիքի խոսք ասաց Արևշատ Ավագյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են