Մանկական ցուցահանդես


    Հունիսի 9-ի «Հայոց Մեծ Եղեռն. դատապարտում են հայ երեխաները» համահայկական մանկական ցուցահանդեսների մշակութային նախագծի շրջանակներում «Հայկական մանրանկարչության կենտրոն» հիմնադրամի և նրա գլխավոր գործընկեր Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հետ համատեղ Իսահակյան գրադարանում տեղի ունեցավ «Հայոց Սպարապետներ» խորագիրը կրող ցուցահանդես՝ նվիրված Սպարապետ Վազգեն Սարգսյանին: Ցուցահանդեսի նպատակն է զարգացնել երեխաների գունազգացողությունը, թեմատիկ գունային նրբերանգների ընտրությունը և գունավորման ալբոմների միջոցով մատաղ սերնդին է′լ ավելի մոտ կանգնեցնել հայ ռազմական մշակութային արժեքներին, որն էլ իր հերթին կբարձրացնի նրանց ռազմահայրենասիրական ոգին: Միջոցառմանը ներկայացված էին «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի հայկազունների լավագույն աշխատանքները, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի «Նուռ» նկարչական խմբակի սաների և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարգիս Բարխուդարյանի անվան թիվ 2 արվեստի դպրոցի սաների աշխատանքները: «Նուռ» նկարչական խմբակի կրտսեր սաները հրեշտակների կերպարով և «Հայր Մեր» աղոթքով ավետեցին միջոցառման սկիզբը: Դահլիճում տիրում էր ոչ սովորական մթնոլորտ, փոքրիկների աղոթքը տարածվեց և նրանց միացավ հանդիսատեսը: Այնուհետև դահլիճին համակեց ազգային արժանապատվության ոգին. ռազմական կրթահամալիրի հայկազունները ներկայացրեցին հայրենասիրական ոգով տոգորված երգեր: «Նուռ» նկարչական խմբակի սաներ Արթուր Ադամյանը հանդես եկավ շվիի կատարմամբ, իսկ Հռիփսիմե Դանիելյանը հանդիսատեսին ներկայացրեց «Ղարաբաղի նախշուն բաջի» պարը: Այնուհետև Բարխուդարյանի անվան արվեստի դպրոցի սաներ՝ Անահիտ Բաբախանյանը և Զարուհի Արզումանյանը, ընթերցեցին արցախյան պատերազմի հերոսների հիշատակին նվիրված ստեղծագործություններ: Միջոցառման ընթացքում հանդիսավար, դերասանուհի Գայանե Սամվելյանը ընթերցեց ասույթներ նվիրված Վազգեն Սարգսյանին: Ցերեկոյի ավարտին Իսահակյան գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարինե Մեհրաբյանը ողջունեց մասնակիցներին և գեղեցիկ անակնկալ մատուցեց. լավագույն աշխատանքներ ներկայացրած հայակազուններ՝ Գագիկ Ավագյանին, Վալոդյա Ավետիսյանին, Թովմաս Վարդանյանին, Էմիլ Գրիգորյանին, Դավիթ Հարոյանին, Վահե Գևորգյանին, Դավիթ Խաչատրյանին, Սարգիս Սիմոնյանին, Զենիկ Մարկոսյանին հանձնեց «Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի և «Հայկական մանրանկարչության կենտրոն» հիմնադրամի պատվոգիրը՝ «Հայոց սպարապետներ. Վազգեն Սարգսյան» խորագիրը կրող մանկական ցուցահանդեսին «Լավագույն գունազգացողություն», «Փոքրիկ մանրանկարիչ» անվանակարգերում հաղթելու համար և նվիրեց «Հայ դասականներ» շարքից «Ավետիք Իսահակյան» գրքեր, նշելով, որ հայկազունները՝ հյուրընկալվելով Մեծ վարպետի անունը կրող Մայր գրադարանում, չեն կարող հեռանալ առանց նվեր- գրքերի: Այնուհետև տիկին Մեհրաբյանը շնորհակալություն հայտնեց ներկա գտնվող դպրոցների ներկայացուցիչներին և նրանց հանձնեց գրքեր և շնորհակալագրեր՝ «Հայոց սպարապետներ. Վազգեն Սարգսյան» խորագիրը կրող մանկական ցուցահանդեսին մասնակցելու համար: Շնորհակալական խոսքով հանդես եկավ «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի ուսումնական գծով փոխտնօրեն Գայանե Մանուկյանը, ով շնորհակալություն հայտնեց նման գեղեցիկ միջոցառման կազմակերպման համար և հույս հայտնեց, որ նման գեղեցիկ մշակութային ծրագրերը շարունակական կլինեն: Սա դեռ ամենը չէր. մեր հյուրերի համար կազմակերպվեց շրջայց գրադարանում: Երեխաները, անմոռանալի օր անցկացնելով, հեռացան գրադարանից՝վերադառնալու ակնկալիքով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են