Ցուցահանդես՝ «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրում


    «Հայոց Մեծ Եղեռն. դատապարտում են հայ երեխաները» համահայկական մանկական ցուցահանդեսների մշակութային նախագծի շրջանակներում «Հայկական մանրանկարչության կենտրոն» հիմնադրամի, նրա գլխավոր գործընկեր Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի և «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի հետ համատեղ՝ վերոհիշյալ կրթահամալիրում մայիսի 13-ին տեղի ունեցավ «Հայոց Սպարապետներ» խորագիրը կրող ցուցահանդես՝ նվիրված Սպարապետ Վազգեն Սարգսյանին: Ցուցադրության էին ներկայացվել կրթահամալիրի 6-րդ և 7-րդ դասարանի հայկազուններ Ավետիսյան Վոլոդյայի, Թովմասյան Էդգարի, Սիմոնյան Սարգսի, Ավագյան Գագիկի, Պողոսյան Ռաֆայելի, Գուլանյան Ռադիկի, Կարապետյան Գասպարի, Սամվելյան Արթուրի, Սահակյան Սերգեյի, Գրիգորյան Էմիլի, Ղազարով Զավենի, Քոչարյան Լևոնի, Մանասյան Ռուսլանի, Խաչատրյան Դավիթի, Հարոյան Դավիթի, Մեժլումյան Ռաֆայելի, Սարգսյան Զավենի, Հարությունյան Էրիկի, Գևորգյան Վահեի, Վարդանյան Թովմասի, Մարկոսյան Զենիկի, Խաչատրյան Ռոբերտի, Հակոբյան Վալերիի, Մելքոնյան Արամի, Սարգսյան Արմենակի, Մելքոնյան Գոռի, Շտոյան Հրաչի և Ջորջևիչ Լյովայի նկարները, որոնք նախապես ընտրվել էին «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի գրադարանավարուհի Փառանձեմ Մարգարյանի և Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի ղեկավար Մարինե Ղազարյանի կողմից: Նախագծի նպատակն էր գունավորման ալբոմների միջոցով մատաղ սերնդին է′լ ավելի մոտ կանգնեցնել հայ ռազմական մշակութային արժեքներին, որն էլ իր հերթին կբարձրացնի նրանց ռազմահայրենասիրական ոգին: Այն կկրի շարունակական բնույթ և ցուցահանդեսներ կկազմակերպվեն ՀՀ-ի, ԼՂՀ-ի տարածքներում և հայ համայնքներում: Այս ամենին հաջորդեց հայրենասիրական ոգով տոգորված միջոցառումը՝ կրթահամալիրի հայկազունների մասնակցությամբ: Ներկա էին Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արսեն Հարությունյանը, Հայաստանի Ազատագրման Հայ Գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի բաժնի պետ Գոհարիկ Ոսկանյանը, գրող, բանաստեղծ, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը, Նուբարաշեն վարչական շրջանի ուսումնական հաստատությունների տնօրեններ, արձակագիր, ազատամարտիկ Հովիկ Վարդումյանը, ասմունքող, հանդիսավար Աննա Կոստանյանը, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի աշխատակազմը և այլոք: Ողջույնի և բացման խոսքով հանդես եկավ «Հայկական մանրանկարչության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հակոբյանը: Նա շնորհակալություն հայտնեց «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի Նուբարաշեն մասնաճյուղի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, կապիտան Վահե Հարությունյանին՝ այս համատեղ միջոցառման անցկացմանը պատրաստակամություն հայտնելու համար: «Վազգեն Սարգսյանը հայոց պատմության բացառիկ դեմքերից է, ով հայրենիքի համար օրհասական պահին ղեկավարել է ժողովրդական պայքարը թշնամիների դեմ: Նրա գործունեությունը հայրենիքի պաշտպանության և բանակաշինության բնագավառներում, ինչպես նաև դրսևորած աննախադեպ քաջությունն ու անձնազոհությունը լավագույն դասերն են մեր երեխաների ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ:Ապրիլյան իրադրաձությունները ցույց տվեցին հայ զինվորի կարևոր դերը հայրենիքի պաշտպանության գործում ՝ ապացուցելով նրա անժխտելի ազգային նույնությունը մեր ռազմական առաջնորդների հետ: Ցույց տվեցին, որ նրանց գործը շարունակողներ կան»,-իր խոսքում նշեց Գագիկ Հակոբյանը: Լիպարիտ Սարգսյանը հավաստեց, որ Վազգեն Սարգսյանը ծնվել էր որպես տաղանդավոր գրող, բայց կյանքը և մեր ժողովրդի հերոսական պայքարը նրան ուղղորդեցին մի նոր ճանապարհի, որի վերջնամասում մենք այսօր տեսնում ենք նրան՝ որպես Սպարապետ և Հայոց բանակի հիմնադիրներից մեկը: Բանաստեղծի ընթերցմամբ՝ ներկաներն ունկնդրեցին քառօրյա պատերազմի առիթով գրված հեղինակի բանաստեղծությունը՝. -«Բանաստեղծությունը նվիրված է այն երիտասարդներին, ովքեր հերոսական քայլ կատարեցին արցախյան ազատամարտի դիրքերի առաջնամասում, ինչպես նաև ապացուցեցին, որ, երբ գալիս է պահը, նրանք դառնում են առյուծի ձագեր, հերոսներ և մեր թշնամուն ապացուցում են, որ հայ ազգը միշտ հերոսներ է ծնել և դեռ կծնի…»,-նշեց նա: Փոքրիկ հայկազունների մասնակցությամբ ռազմահայրենասիրական միջոցառումը հագեցած էր հայրենասիրական երգ ու պարով, բանաստեղծությամբ, որը ստիպեց հանդիսատեսին թե′ հուզվել և թե′ հպարտանալ… Միջոցառման ավարտին իրենց երախտիքի խոսքը հայտնեցին Հովիկ Վարդումյանը, ով իր հեղինակած գրքերը նվիրեց կրթահամալիրի գրադարանին և Վազգեն Սիսլյանը՝ վստահություն հայտնելով, որ այսօրվա և վաղվա մեր զինվորները կմասնակցեն նաև Արևմտյան Հայաստանի ազատագրմանը: Ամփոփելով միջոցառումը՝ Վահե Հարությունյանը շնորհակալություն հայտնեց կրթահամալիրի մանկապատանեկան կոլեկտիվ կազմակերպիչ Քրիստինե Մալխասյանին, Փառանձեմ Մարգարյանին ու մասնակից հայկազուններին: Նա վստահություն հայտնեց, որ ապրիլյան պատերազմի ընթացքում փոքր մհերցիները՝ հայրենիքի պաշտպանի կրակն աչքերում, նույնպես պատրաստ էին գնալ սահման և լինել իրենց պապերի ու հայրերի կողքին, իսկ հետո ավելացրեց. «Ես հպարտանում եմ իմ հայկազուններով, մեր հերոսներով, Վազգեն Սարգսյանով…: Հպարտ եմ, որ նրանց ազգից եմ, որ՝ հայ եմ…»

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են