Հանդիպում արձակագիր, լրագրող Տիգրան Նիկողոսյանի հետ


    Մարտի 29-ին, «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ծրագրի շրջանակներում, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր,ՀՀ վաստակավոր լրագրող , «Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանի հետ ու նրա «Յոթ զրույց ամենակարևորի մասին», «Հայրեր և որդիներ» և «Կանաչ առուն» գրքերի շնորհանդեսը: Ցերեկոյի սկիզբն ազդարարվեց հեղինակին նվիրված տեսանյութով՝ նկարահանված «Օթյակ» հաղորդաշարի կողմից: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ միջոցառման հանդիսավարը՝ դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանը: Նա ընթերցեց հատվածներ «Հայրեր և որդիներ» գրքից: Հաջորդիվ հեղինակին ողջունեցին և շնորհավորանքի խոսքով հանդես եկան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ Անահիտ Մելքոնյանը, բանաստեղծ Արտաշես Արամը, բանաստեղծ, արձակագիր Լիպարիտ Սարգսյանը, ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Գառնիկ Շախկյանը, սփյուռքահայ գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ Թորոս Թորանյանը և այլոք: Թիվ 171 դպրոցի աշակերտները ողջունեցին հեղինակին և ներկայացրին նրա՝ «Յոթ զրույց ամենակարևորի մասին» գրքից բեմականացված մի հատված: Հանդիպման ավարտին ողջույնի և շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ հեղինակը: Նա մեծ սիրով պատասխանեց փոքրիկ ընթերցողներին հուզող բազմաթիվ հարցերին և խոստացավ, որ շուտով նրանց սեղանին կդրվի «Յոթ զրույց ամենակարևորի մասին» գրքի շարունակությունը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են