Հ. Թումանյանի ՙՙ<<Շունն ու կատուն>> բալլադի 130-ամյակ


    Մարտի 28-ին Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի և վերոհիշյալ դպրոցի նախաձեռնությամբ՝ ‹‹Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ›› ծրագրի շրջանակներում, հանդիսատեսին ներկայացրին Հ. Թումանյանի ‹‹Շունն ու կատուն›› երաժշտական մյուզիքլը՝ նվիրված բալլադի 130-ամյակին: Ողջույնի խոսքով հանդես եկավ ‹‹Ավ.Իսահակյանի անվան ԿԳ›› ՀՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն՝ Ռուզաննա Բարսեղյանը: Նա շնորհավորեց երեխաներին, ծնողներին և հյուրերին տոնի առիթով և նշեց, որ ‹‹Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ››-ն ունի մոտ 74 տարվա պատմություն և այն նախաձեռնել են Հայրենական Մեծ պատերազմի տարիներին, երբ Մոսկվան ռմբակոծությունների տակ էր: Եվ ահա այդ դժվարին ու ծանր օրերին մտավորականթյունը, մշակույթի գործիչները, կարևորելով գրքի դերն ու նշանակությունը, գտնում են, որ ժողովրդին պահողը պետք է լինի արվեստը, գիրքն ու երաժշտությունը: Եվ հենց այդ ժամանակից, ամբողջ Խորհրդային տիրապետությունում հայտարարվում է մանկական գրքի և երաժշտության շաբաթ: Գրադարանում արդեն երկար տարիներ նշվում է այդ տոնը, որը վերածվել է գեղեցիկ ավանդույթի: Ծրագրի շրջանակներում մանուկ և պատանի ընթերցողների համար կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ, հանդիպումներ մանկագիրների հետ, որոնք միտված են մատաղ սերնդի մեջ սերմանել սեր՝ գրքի, ընթերցանության և երաժշտության հանդեպ: Այնուհետև Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի ‹‹Արտիստ›› թատրոն-ստուդիայի սաները ներկայացրին Հ. Թումանյանի ‹‹Շունն ու կատուն›› մյուզիքլը. գեղարվեստական ղեկավարն է Գոշ Սարգսյանը, բեմադրիչը՝ Արթուր Բաբայանը: Հանդիսատեսը մեծ ոգևորությամբ դիտեց ներկայացումը և դահլիճից հեռացավ ուրախ տրամադրությամբ:
Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Անահիտ Գևորգյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ այս փոքրիկ դերասաններից շատերը մասնակցում են դպրոցում գործող տարբեր խմբակների և երաժշտական կատարումներով մեկնելու են ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգ և Գլենդել քաղաքի ‹‹Ալեքս›› թատրոնում ներկայացնելու են ‹‹Անուշ›› օպերան և Կոմիտաս վարդապետին նվիրված երաժշտական ներկայացում՝ ‹‹Պատարագ առ Կոմիտաս››: Այս ամենը իրականացնելու են բարերարներ՝ Սիլվա և Կարո Կավուկչյանների և Արման Նշանյանի հովանավորությամբ, որոնք ստեղծել են բարեգործական հիմնադրամ, և ներկայացման ողջ հասույթը պետք է տրամադրվի Հայաստանի հաշմանդամ երեխաներին, և հպարտությամբ հավաստեց, որ այս նախագծի առաջին ծիծեռնակները լինելու են Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի սաները: Բարի ճանապարհ մաղթենք մեր փոքրիկներին:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են