Անդրանիկ Օզանյան


    ... Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց առաջ, հիշեք, թե այդ օրը ինչ եք արել ձեր ազգի համար... Զորավար Անդրանիկ
«…Եթե կուզեն ինձ պատիվ մը անել, ես իմ արձանս չեմ ուզեր, փառավոր թաղում չեմ ուզեր: Թող հայ ժողովուրդը կանգնեցնի ավերակ դարձած Առաքելոց վանքը և այնտեղ փոքրիկ ուսումնարան մը շինե հայ մանուկների համար: Այս է իմ ամբողջ բաղձանքս և բարոյական պահանջս հայ ժողովուրդեն»: Զորավար Անդրանիկի կտակից
Փետրվարի 25-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Զորավար Անդրանիկի ծննդյան 151-ամյակին: Ցերեկոյին ներկա էին Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական, ՀՀ Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղի դպրոցների սաներն ու ուսուցիչները, բազմաթիվ ընթերցողներ և հյուրեր: Բացման խոսքով հանդես եկավ բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտ Խաչատրյանը: Շապին Գարահիսարի արծվի՝ Անդրանիկի, կյանքի և գործունեության վերաբերյալ ընդարձակ զեկուցմամբ հանդես եկավ պատմաբան Գևորգ Յազըճյանը. «Երբ ասում ենք Զորավար՝ հասկանում ենք Անդրանիկ Օզանյան, երբ ասում ենք Անդրանիկ՝ նույնպես հասկանում ենք Անդրանիկ Օզանյան: Նա հայ ազգի համար եղել է որպես սրբություն...»:
Դահլիճում տիրող հայրենասիրական ոգով ներշնչված ելույթներին միացան նաև Արագածոտնի մարզային թերթի լրագրող Ավագ Ավագյանը, «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, սփյուռքահայ գրող-հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ Թորոս Թորանյանը և այլոք: Ներկաներին իրենց սասունցիական ոգին փոխանցեցին ՀՀ Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղի դպրոցի սաներն՝ իրենց հայրենաշունչ երգերով ու պարերով...... Գրադարանն իր Լեռնարոտցի հյուրերին՝ նոր հանդիպման հրավերով , նվիրեց հերթական, մոտ 50 անուն գիրք:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են