<<Առաջին ծիլեր>> չորրորդ


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի «Բողբոջներ» գրական ստուդիան գործում է 20 տարուց ավելի: 2000, 2005 և 2010 թվականներին լույս ընծայած <<Առաջին ծիլեր>> երեք գրքերում իրենց առաջին թոթովանքները տպագրած սաներից շատերն արդեն ավարտել են դպրոցը, զանազան բուհեր, աշխատանքի անցել տարբեր ասպարեզներում: Նրանցից ոմանք բանաստեղծությամբ են թղթին տալիս իրենց խոհերն ու զգացմունքները, ոմանք իրենց ուժերն են փորձում արձակի ժանրում, ոմանք էլ գրում են թե՛ արձակ, թե՛ չափածո: Իսահակյանական եռատոնի առիթով լույս ընծայված մի շարք գրքերի ցանկում լույս տեսավ նաև «Առաջին ծիլեր» խորագիրը կրող գրքի չորրորդը, որում ամփոփված են Ավ. Իսահակյանի անվան գրադարանի «Բողբոջներ» գրական ստուդիայի սաներ Նարեկ Առաքելյանի, Սվետա Բաբասյանի, Վանուհի Բաղրամյանի, Սոնա Բարսեղյանի, Աննա Գրիգորյանի, Արարատ Խաչատրյանի, Վառվառա Ծատուրյանի, Մարի Կիրակոսյանի, Ռիմա Մանասերյանի, Կարինե Պետրոսյանի, Էդվարդ Սահակյանի, Աիդա Սարգսյանի, Արթուր Սարգսյանի, Նատալի Ստեփանյանի, Մարիամ Վարդանյանի, Լիլիթ Վարդիկյանի բանաստեղծություններն ու պատմվածքները: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 23-ին՝ Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրընկալ դահլիճում: Ներկա էին «Բողբոջներ» գրական ստուդիայի սաները, ընթերցողներ և հյուրեր: Գիրքը նվիրվել է Իսահակյանական եռատոնին՝ Ավ. Իսահակյանի ծննդյան 140, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հիմնադրման 80 և գրադարանը Վարպետի անունով կոչելու 60-ամյակներին: «Առաջին ծիլեր» չորրորդ գրքի լուսընծայումը շնորհավորեցին և ողջույնի խոսքով հանդես եկան գրքի կազմողներ բանաստեղծ, արձակագիր Լիպարիտ Սարգսյանը և «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Սաներին շնորհավորեց նաև Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը: Գրքի տպագրության համար շնորհակալություն հայտնեցին և իրենց հեղինակած ստեղծագործություններից ընթերցեցին «Բողբոջներ» գրական ստուդիայի սաներից մի քանիսը: Հանդիսության ավարտին, ինչպես նրանց անվանեց տիկին Կարապետյանը, «բողբոջականներից» յուրաքանչյուրը նվեր ստացան գրքերի երկուական օրինակ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են