Լևոն Ազրոյանի „Они ковали победу ”գրքի շնորհանդես


    Նոյեմբերի 17-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ գրող, լրագրող Լևոն Ազրոյանի „Они ковали победу ” գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ ընթերցողներ, լրագրողներ և հյուրեր: Հանդիսության սկիզբն ազդարարվեց տեսաֆիլմի ցուցադրությամբ`նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին: Հաջորդիվ ողջույնի և շնորհակալանքի խոսքով հանդես եկան «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը, հեռուստալրագրող Աֆթանդիլ Գրիգորյանը, ռադիոլրագրող, «+Կինո» ամսագրի խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը, ռեժիսոր, լրագրող Գարիկ Ղազարյանը, ԽՍՀՄ հերոս Վաչագան Հունանի Վանցյանի ծոռ Արման Աբրահամյանը, ով իր խոսքում նշեց, -«Իմ պապի հայրը նահատակվել է հանուն նրա, որպեսզի մեր ազգը կարողանա ապրել խաղաղ պայմաններում և բարգավաճի: Բայց պանթուրքիզմի գաղափարը դեռ չի վերացել և դրա հետևորդները առ այսօր հային ոչնչացնելու հույսեր են փայփայում: Սակայն թող որ մեր հակառակորդն իմանա, մենք մեր նախնիների արժանի իրավահաջորդներն ենք և ամեն վայրկյան պատրաստ ենք պաշտպան կանգնելու մեր երկրին: Կա հայտնի ճշմարտություն` այն ազգը, որը չի հիշում իր անցյալը, չի կարող իր ապագան կառուցել: Հենց այդ պատճառով էլ, շատ կարևոր են հերոսների մասին այսպիսի գրքերը, որոնց հիման վրա դաստիարակվում է մեր երիտասարդությունը և դրա համար խորապես երախտապարտ եմ պարոն Ազրոյանին»: Միջոցառման ավարտին ներկաներին ողջունեց և ջերմ խոսքերի համար շնորհակալություն հայտնեց հեղինակը: Նա պատմեց հուշեր ԽՍՀՄ հերոսների մասին, գրքից ընթերցեց մի հատված, որտեղ հեղինակը հարցազրույց է անցկացնում մարշալ Բաղրամյանի դստեր Մարգարիտա Բաղրամյանի հետ: Շնորհանդեսի հանդիսավարն էր դերասանուհի Գայանե Սամվելյանը, որը ներկաներին մատուցեց պոեզիայի հրաշալի նմուշներ՝ օրվա թեմային հարիր:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են