Ավիկ Դերենցի <<Խոհաշխարհ>> գրքի շնորհանդես


    Նոյեմբերի 11–ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում ընթերցասեր հասարակայնությունը հավաքվել էր ողջունելու ամերիկահայ գրող Ավիկ Դերենցի նոր` խոհափիլիսոփայական աֆորիզմներով լի, <<Խոհաշխարհ>> գրքի շնորհանդեսը: Միջոցառման բացումը կատարվեց գրքի գինեձոնի արարողությամբ: Հաջորդիվ հեղինակին ողջունեցին ու գրական գործունեության մասին գնահատանքի խոսքեր ասացին <<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, բանաստեղծ, նկարիչ, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, թարգմանիչ, գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը, ով հանդիսանում է նաև <<Խոհաշխարհ>>-ի խմբագիրը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավիկ Իսահակյանը, ՀՀ ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, բանաստեղծ, թարգմանիչ, նկարիչ Արևշատ Ավագյանը, գրող, հրատարակիչ, Հայաստանի գրողների միության մանկական բաժանմունքի վարիչ Անուշ Վարդանյանը, բանաստեղծ, թարգմանիչ Լևոն Բլբուլյանը, սփյուռքահայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Թորոս Թորանյանը և այլոք: Հեղինակին և ներկաներին երաժշտական կատարմամբ ողջունեցին երգիչ Արսեն Համբարյանն ու ամերիկահայ օպերային երգչուհի Անահիտ Ներսիսյանը, ով այս օրերին մենահամերգներով հանդես է գալիս Հայաստանում: Նա ներկայացրեց Կոմիտասի երգերից մի քանիսը: Գրող, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը՝ գտնվելով Թիֆլիսում, շնորհավորական նամակ էր փոխանցել հեղինակին և ողջունել նորածնունդ <<Խոհաշխարհի>> կապակցությամբ: Ավիկ Դերենցի աֆորիզմներից ընթերցեց ասմունքող, ՀՀ վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանը: Իր անզուգական բեմական խոսքով ցերեկոն հայրենասիրական ոգով լցրեց նաև դերասանուհի Գայանե Սամվելյանը` ընթերցելով Ավիկ Դերենցի ստեղծագործություններից: Միջոցառման ավարտին հեղինակը ողջունելով և շնորհակալական խոսքեր հղելով ներկաներին ասաց.
-Ի՞նչն է Սփյուռքի և Հայաստանի տարբերությունը. Սփյուռքում 2 երնեկ մեկ տեղ չի լինում, իսկ Հայաստանում`5-ն է լինում…. Ավարտին հեղինակը իր մակագրությամբ գրքեր նվիրեց բոլոր մասնակիցներին:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են