Գ.Մարտիկյանի«Ապրելու բանաձև» մատենաշարի 9-րդ հատորի շնորհանդես


    Նոյեմբերի 9-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ ռադիոլրագրող, հրապարակախոս Գոհար Մարտիկյանի հեղինակած` Արցախյան հերոսամարտին նվիրված «Ապրելու բանաձև» մատենաշարի 9-րդ հատորի շնորհանդեսը: Մատենաշարի 9-րդ հատորը լույս է ընծայվել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից <<Կանանց հանրապետական խորհուրդ>> ՀԿ-ին տրամադրված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Միջոցառմանը ներկա էին հերոսի մահով ընկած քաջորդիների ծնողներ, 114 դպրոցի սաները, պատանի երկրապահներ, ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ, բազմաթիվ հեռուստա և ռադիո լրագրողներ և այլոք: Շնորհանդեսի սկիզբն ազդարարվեց Արցախյան հերոսամարտին նվիրված տեսաֆիլմի ցուցադրությամբ: Ներկաներին և հյուրերին ողջունեց միջոցառման հանդիսավար, կանանց հանրապետական խորհրդի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Աիդա Թոփուզյանը: Ողջույնի և երախտագիտության խոսքով հանդես եկավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ով նշեց որ նախագահական դրամաշնորհի շրջանակներում <<Ապրելու բանաձև>> մատենաշարի 2-րդ հատորն է հրապարակվում: <<Մենք մեր փոքր լուման ենք ուզում ունենալ Գոհար Մարտիկյանի մեծ գործում>>: Հաջորդիվ իրենց սրտի խոսքն ու շնորհակալությունը հայտնեցին բանասիրական գիտությունների թեկնածու, <<Մուսա Լեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության թանգարան>>-ի տնօրեն Դավիթ Սարգսյանը, <<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, զոհված սահմանապահ զինվոր Արմեն Հովհաննիսյանի մայրը` Մարինե Հովհաննիսյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի անդամ, ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից շնորհվող դրամաշնորհային ծրագրի համակարգող Գայանե Մանուկյանը, երկրապահ, 5-րդ բրիգադի մարտիկ Օհան Գևորգյանը, ով ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի հրամանով Գոհար Մարտիկյանին պարգևատրեց <<Հայաստանի Երկրապահ>> հուշամեդալով, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհիներ Նելլի Խաչատրյանն ու Մարիամ Այդինյանը և այլոք: Դերասանուհի Գայանե Սամվելյանը ընթերցեց Գոհար Մարտիկանին նվիրված <<Ապրելու բանաձև>> մատենաշարի 9-րդ հատորում զետեղված <<Խոնարհվում եմ>> ստեղծագործությունը` Արմինե Սարգսյանի հեղինակությամբ:
Միջոցառման ավարտին հեղինակը կոչ արեց սիրել միմյանց, սիրել մեր հայրենիքը և ավելացրեց. << Աշխարհում որ երկիր էլ որ գնաք, միևնույն է. չկա այնպիսի գարուն, չկա այնպիսի ամառ, չկա այնպիսի աշուն և չկա այնպիսի ձմեռ ,ինչպիսին Հայաստանում է: Միայն Հայաստանում է գարունը` գարուն, ամառը` ամառ, աշունը` աշուն և ձմեռը` ձմեռ>>: Հանդիպման ավարտից հետո հեղինակը դեռ երկար շրջապատված էր ընթերցողներով,որոնց սիրով և իր մակագրությամբ նվիրեց 9-րդ հատորը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են