Հանդիպում գրող,թարգմանիչ պարոն Նաժի Նաամանի հետ


    Սեպտեմբերի 30-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ լիբանանցի գրող, թարգմանիչ, հրատարակիչ, <<Նաժի Նաաման անվճար մշակույթի հիմնարկ>>-ի հիմնադիր, բազմազգ մշակույթը տարածող մտավորական և հայ ժողովրդի մեծ բարեկամ պարոն Նաժի Նաամանի մեծարանքի հանդիսությունը: Ցերեկոյին ներկա էին ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնը, ՀՀ Սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ Լևոն Անտոնյանը, լիբանանահայ գործարար Գրիգոր Դաքեսյանը, մտավորականներ ու բազմաթիվ ընթերցողներ: Հանդիսության բացումը ազդարարվեց Եղեռնի զոհերի 100-ամյա տարելիցին նվիրված տեսանյութի ցուցադրությամբ: Բարձրաստիճան հյուրերին և ներկաներին ողջունեց <<Ավ. Իսահակյանի անվան Կենտոնական գրադարան>> ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Նա առանձնակի շնորհակալություն հայտնեց լիբանանյան ժողովրդին՝ մեր կողքին լինելու և մեր ցավը կիսելու, ինչպես նաև Նաժի Նաամանին՝ իր հրատարակչության կողմից լույս ընծայած գրքերից գրադարանին նվիրելու համար: Հաջորդիվ, Գայանե Սամվելյանն ընթերցեց Նաժի Նաամանի «Ես հայ եմ» բանաստեղծությունը, որը թարգմանել էր գրող, հրապարակախոս Բաբկեն Սիմոնյանը: Միջոցառման հանդիսավարը պատմաբան Գևորգ Յազըճյանն էր, ով ներկայացրեց գրողին ու նրա հրատարակած գրքերը՝ նվիրված հայերին: Առանձնապես նշեց նոր՝ «Հարյուր … և շարունակվող ցեղասպանություն» գիրքը, որը նվիրված է հայոց ցեղասպանության 100-ամյակին և ունի հանրագիտարանային նշանակություն, քանի որ ամփոփում է հայոց ցեղասպանության մասին ոչ հայ նշանավոր գործիչների գրեթե բոլոր վկայությունները: Այնուհետև, ներկաներին ու հյուրերին ողջունեցին սփյուռքահայ գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ Թորոս Թորանյանը, թարգմանիչ, բանաստեղծ Բաբկեն Սիմոնյանը: Իր ելույթով ներկաներին պատվեց հարգարժան պարոն Ժան Մաքարոնը: Նա նշեց. <<Հայերը Լիբանանում եղել են մասնիկը ցանկացած հարցի լուծման, բայց ոչ երբեք հարցի ստեղծման>>: Միջոցառման ավարտին բարձրաստիճան հյուրերին ու ներկաներին ողջունեց պարոն Նաժի Նաամանը: Նա շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին, հյուրընկալության համար և ավելացրեց <<Կեցցե Լիբանանը… Կեցցե Հայաստանը…Կեցցե մշակույթը՝ խաղաղության համաշխարհային զենքը…>>,հավելելով՝Ես հայ եմ……. Օրվա ավարտին լավ լուր՝ ՀՀ նախագահի սեպտեմբերի 5-ի հրամանագրով Նաժի Նաամանին պարգևատևվել է <<Երախտագիտություն>> մեդալով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են