Սեպտեմբերի 25-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հասարակական-քաղաքական գործիչ, վավերագիր Ռուդիկ Գևորգյանի <<Անցած կյանքի հետքերով>> և <<Կապիտալի՞զմ, թե՞ սոցիալիզմ>> /նվիրված Կարեն Դեմիրճյանին/ գրքերի շնորհանդեսը, ինչպես նաև հեղինակի ծննդյան 80-ամյակին նվիրված հանդիսությունը: Ցերեկույթին ներկա էին հեղինակի հարազատները, ընկերները, բազմաթիվ մտավորականներ և ընթերցողներ: Հանդիսության բացումը ՝հեղինակի կողմից գրված աֆորիզմների ընթերցմամբ, ազդարարեց դերասանուհի-ասմունքող Գայանե Սամվելյանը: Այնուհետև, հեղինակին ողջունեց և գրքերի կարևորության մասին խոսքով հանդես եկավ տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը: -Ռուդիկ Գևորգյանի գրչին են պատկանում բազմաթիվ գրքեր և, որոնց վրա հեղինակն աշխատելով այն դարձրել է կարծես բարոյագիտության բառարան,- նշեց պարոն Բոստանջյանը: Հաջորդիվ, հեղինակին շնորհավորեցին և նրա աշխատությունները յուրովի ներկայացրեցին ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Արմեն Հովսեփյանը, <<Շիրակ հայրենակցական միավորման>> հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Գառնիկ Ասմարյանը, Ռաֆիկ Ալավերդյանը , <<Կարեն Դեմիրճյան>> հիմնադրամի տնօրեն Ռիմա Դեմիրճյանը և այլոք: -Կարեն Դեմիրճյանի կարգախոսը եղել է՝ մարդկանց հետ, մարդկանց համար, - նշեց տիկին Դեմիրճյանը:-Այսպիսի գրքերը կարող են ձեռնարկ ծառայել երիտասարդների կրթության գործում: Հեղինակին ողջունեց և Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի աշխատակազմի ու բազմահազար ընթերցողների անունից շնորհավորական ուղերձ կարդաց գրադարանի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: 80-ամյակին նվիրված հանդիսության ծննդյան տորթի մոմերը հոբելյարը հանգցրեց թոռնիկների <<օգնությամբ…>> Միջոցառման ավարտին ընթերցողներին ու ներկաներին ողջունեց և շնորհակալություն հայտնեց Ռուդիկ Գևորգյանը :

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են