Հանդիպում գեղանկարչուհի Նաիրա Ահարոնյանի հետ


    Սեպտեմբերի 19-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում գեղանկարչուհի Նաիրա Ահարոնյանի հետ և բանաստեղծ, արձակագիր, հրապրակախոս Հովհաննես Շանթի կազմած <<Ոգեզարթոնք>> տարեգրքի շնորհանդեսը` նկարչուհու նկարազարդումներով: Երեկոյին ներկա էին ստեղծագործողներ, բազմաթիվ ընթերցողներ և մտավորականներ: Միջոցառման հանդիսավարը ասմունքող-հանդիսավար Աննա Կոստանյանն էր, որն իր հիանալի ասմունքով ջերմությամբ լցրեց ներկաների սրտերը: Հաջորդիվ, Հովհաննես Շանթը ներկայացնելով <<Ոգեզարթոնք>> տարեգիրքը, այն համեմատեց հոգևոր տաճարի հետ, որի քարերը միմյանց վրա դրվեցին երեսուն հեղինակների` Սուրեն Գրիգորի, Արմեն Ալավերդյանի, Աննե Մարիի, Անահիտ Տիգրանյանի, Արսեն Համբարյանի, Անահիտ Սահակյանի, Գուրգեն Միքայելյանի, Գայանե Մկրտչյանի, Գոհար Գարունի, Գարեգին Միսկարյանի, Դավիթ Վանյանի, Իշխան Բադալյանի, Լիա Թորոսյանի, Հասմիկ Սերմարիչաի, Հակոբ Պողոսյանի, Հասմիկ Վարոսյանի, Մարի Առաքելյանի, Միրա Ռուբենցի, Մարինե Բադալյանի, Մարինե Սարուխանյանի, Մարո Երկնափեշյանի, Նարինե Բալասբեկյանի, Նարինե Ավագյանի, Նելլի Ռումելի, Սեդրակ Երկանյանի, Սուրեն Դավթյանի, Վեներա Վարդումյանի, Ռոզա Խաստյանի, Տաթև Ոսկանյանի կողմից: -Այս գիրքը ծնվել է մեր բոլորի սիրուց,- նշեց Հովհաննես Շանթը: Նա շնորհակալություն հայտնեց գեղարվեստական խորհրդի անդամներ Սուրեն Գրիգորին և Գոհար Գարունին, այնուհետև առանձնահատուկ երախտագիտություն հայտնեց նկարչուհուն, ով յուրովի էր զգացել յուրաքանչյուր ստեղծագործության գույնը, երաժշտությունը, գիծը, որի արդյունքում ծնունդ էր առել ստեղծագործության և նկարի ներդաշնակ սիմֆոնիա: Իրենց երաժշտական կատարումներով ներկաներին ողջունեցին հեղինակ-կատարող Անահիտ Հարությունյանը, Երևանի Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի սան Հայկ Կոստանդյանը, մշակույթի համալսարանի սան Վաչե Մովսիսյանը: <<Ոգեզարթոնք>>-ի հեղինակների ստեղծագործություններից քառատողեր ընթերցեցին տարբեր դասարանի աշակերտները, իսկ ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, Անդրկովկասյան մրցույթի և համամիութենական փառատոնի դափնեկիր, Հայաստանի առաջատար դաշնակահար-մենակատար Սեդրակ Երկանյանի նվիրած դաշնամուրային կատարումը ցնծություն պարգևեց դահլիճին: Միջոցառման ավարտին Հովհաննես Շանթը գրքեր նվիրեց հեղինակներին, ներկաներին և Իսահակյան գրադարանին:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են